Թուրքիայի խորհրդարանը Հայաստանին մեղադրող հայտարարություն է արել

xorhrdaran

Թուրքիայի խորհրդարանը (մեջլիսը) Հայաստան-Ադրբեջան սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ կողմնակալ և Հայաստանին մեղադրող հայտարարություն է արել։ Այս մասին գրել է Ermenihaber-ը։

Հայտարարության տակ ստորագրել են մեջլիսի 5 խմբակցություններից 4-ը՝ իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP), գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP), ազգայնամոլական «Ազգայնական շարժում» (ԱՇԿ-MHP) և «Լավ» կուսակցությունների խմբակցությունները։ Հայտարարությանը չի միացել մեջլիսում 3-րդ ուժ հանդիսացող քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը»։

Հայտարարությունը մեջլիսի նիստի ընթացքում ընթերցել է խորհրդարանի փոխնախագահ Սյուրեյյա Սադի Բիլգինչը։ Դրանում ուղղակիորեն Հայաստանը մեղադրվել է «Ադրբեջանի վրա հարձակվելու», «Լեռնային Ղարաբաղը և շրջակա տարածքները բռնազավթելու» և «Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանը խոչընդոտելու» մեջ։

Մեջլիսը միջազգային հանրությանը կոչ է արել անհրաժեշտ կերպով արձագանքել Հայաստանի պահվածքին, որը ըստ թուրք օրենսդիրների՝ «իրավունքը արհամարհող» պահվածք է։

Մեջլիսի 4 խմբակցություններն իրենց հայտարարությամբ անվերապահ աջակցություն են հայտնել Ադրբեջանին։

«Երկու պետություն, մեկ ազգ ընկալմամբ մշտապես խաղաղության և անվտանգության պաշտպան հանդիսացող Թուրքիան, այսուհետ ևս իր բոլոր հնարավորություններով կշարունակի լինել Ադրբեջանի կողքին տարածաքային ամբողջականությունը վերականգնելու վերջինիս ջանքերում»,- նշվել է հայտարարության մեջ։

Ձեզ կեհաքրքրի...