Հայկ Մարությանը քաղաքապետի պաշտոնը ստանձնելուց 3 օր առաջ դադարել է լինել «Երկուս եւ կես» ՍՊԸ-ի տնօրենը. խոսնակ
Երեւանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` արձագանքելով քաղաքապետ Հայկ Մարությանի նկատմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հարուցած վարույթին: Կարապետյանը նաեւ փաստաթղթեր է հրապարակել: Նա, մասնավորապես, նշել է. «Դեռ դեկտեմբերի 5-ին՝ «Ժողովուրդ» օրաթերթում «Հայկ Մարությանը շուրջ 1 տարի օրենք է խախտել» վերնագրով հոդվածը լույս տեսնելու օրը հերքման պահանջ հրապարակեցինք, փաստաթղթերով վեր հանելով օրաթերթի կողմից ապատեղեկատվություն ու զրպարտանք տարածելու փաստը։ Այսօր մամուլում հրապարակումներ են հայտնվել, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել՝ «Ժողովրդի» հոդվածում տեղ գտած տեղեկությունները ստուգելու համար։ Առանց փորձելու կանխորոշել հանձնաժողովի որոշումը՝ նորից տեղադրեմ կնքված եւ ստորագրված փաստաթղթերը, որտեղ երեւում է, որ Հայկ Մարությանը դադարել է լինել «Երկուս եւ կես» ՍՊԸ-ի տնօրենը 2018-ի հոկտեմբերի 10-ին՝ քաղաքապետի պաշտոնն ստանձնելուց 3 օր առաջ։ Նույն տեղեկությունը կարող էին էլեկտրոնային տարբերակով ստանալ նաեւ «Ժողովրդի» մեր գործընկեները՝ վճարելով 3000 դրամ եւ Պետռեգիստրի էլեկտրոնային կայքից վերցնելով փաստաթղթերը։ Դեկտեմբերի 18-ին քաղաքապետարանը բոլոր փաստաթղթերն ուղարկել է Հանձնաժողովին եւ միջնորդություն ներկայացրել՝ եզրակացություն ընդունել անհամատեղելիության պահանջների խախտման փաստի բացակայության մասին»: