ՊՎԾ-ն շուրջ 210 մլն դրամի խախտումներ է հայտնաբերել Եղեգնաձորի համայնքապետարանում

pvc-n 210 milion drami khaghtumner e haytnaberel

Հայաստանի պետական վերահսկողական ծառայությունը Եղեգնաձորի համայնքապետարանում իրականացվել է մշտադիտարկում, ինչի արդյունքում արձանագրվել են շուրջ 210 մլն դրամի տարբեր բնույթի խախտումներ և թերացումներ: Այս մասին հայտնում է ՊՎԾ-ի լրատվական ծառայությունը:

Ըստ ՊՎԾ-ի, 2016-2019թթ. ընթացքում համայնքապետարանի կողմից հարկերի և տուրքերի հավաքագրման գործընթացում արձանագրվել են չգանձված կամ պակաս գանձված հարկեր և տուրքեր, համայնքապետարանը, չունենալով նշագծման աշխատանքներ պատվիրելու իրավասություն, պատվիրել և վճարել է գծանշման աշխատանքների համար, համայնքապետարանի և ՀՈԱԿ-ների մի շարք աշխատակիցներ բացակայել են ՀՀ-ից, սակայն այդ ընթացքում նրանց վճարվել են աշխատավարձեր։

Մի շարք չարաշահումներ ևս եղել են. Եղեգնաձորի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ հիմնադրամներից մեկի հետ 2018 թվականին կնքվել է մանկապարտեզների հիմնանորոգման աշխատանքների կատարման պայմանագիր, և իրականացվել է համապատասխան վճարում: Սակայն անպարտաճանաչ կապալառուի պատճառով աշխատանքները դադարեցված են, վերսկսման ժամկետ նախատեսված չէ, ինչի արդյունքում ամիսներ շարունակ համայնքի մոտ 122 երեխաներ մնացել են առանց նախադպրոցական կրթության, իսկ մանկապարտեզների աշխատակիցներին փաստացի չաշխատելու պայմաններում վճարվել է աշխատավարձ:

Համայնքապետարանն իր կարիքների համար 2016-2019թթ. ընթացքում կազմակերպել է գնման ընթացակարգեր՝ խախտելով գնումների մասին ՀՀ օրենսդրության պահանջները:

Ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքն ուղարկվել է ՀՀ դատախազություն։

Ձեզ կեհաքրքրի...