Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունում սուտ տեղեկություններ հաղորդելով՝ հայրություն է ճանաչել և կազմված կեղծ ակտը ներկայացրել դատարան
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործով 2018թ. հունիսի 18-ին Ա.Վ.-ն ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի (մարդուն առևանգելը) 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում: 2018թ. հոկտեմբերի 4-ին Ա.Վ.-ն հայտնաբերվել և բերման է ենթարկվել, իսկ հաջորդ օրը վերջինիս նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինվել է գրավով: 2018թ. դեկտեմբերի 13-ին Ա.Վ.-ի և նրա հանցակցի վերաբերյալ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ստացվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում:
ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ոստիկանության համապատասխան ծառայությունների աշխատակիցների կողմից ձեռնարկված համատեղ լայնածավալ միջոցառումների, ինչպես նաև կատարված դատագենետիկական փորձաքննություններով պարզվել է, որ համաներում հայտարարելու մասին օրենքը ուժի մեջ մտնելուց 3 օր առաջ՝ 2018թ. հոկտեմբերի 29-ին Քաղաքացիական կացության ակտերի գրանցման Էրեբունի և Նուբարաշեն տարածքային բաժնում ստացվել է ամբաստանյալ Ա.Վ.-ի և վկա Ի.Դ.-ի՝ ծնողների համատեղ երեխայի հայրության որոշման մասին դիմումը, որով վերջիններս, նախազգուշացված լինելով սուտ տեղեկություններ հայտնելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 1691-րդ հոդվածով (քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելը) սահմանված պատասխանատվության մասին, հայտնել են սուտ տեղեկություններ, թե իբրև Ա.Վ.-ն հանդիսանում է հիշյալ երեխայի հայրը: Նույն օրը երեխային տրվել է նոր ծննդյան վկայական, որում երեխայի հայր նախկինում նշված անունը փոփոխվել է և որպես երեխայի հայր է գրանցվել Ա.Վ.-ն: Այնուհետև ծննդյան գրանցման փոփոխված ակտը ներկայացվել է դատարան և Ա.Վ.-ի նկատմամբ կայացվել է պատասխանատվությունից ազատելու մասին վերը նշված դատական ակտը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: