Աշոտյանի վարորդին առնչվող գործն ուղարկվել է դատարան

ashotyani varordi gorcy gnum e dataran

Ավարտվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր և առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում կատարելու ու վատնման օժանդակության առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ 2019թ. մարտի 14-ին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում հարուցված և ՀՀ ՀՔԾ-ում քննված քրեական գործի նախաքննությունը։

 

Նախնական քննությամբ հիմնավորվել է, որ 2009-2014թթ. ՀՀ կրթության և գիտության նախարարի վարորդի, ապա մինչև 2016թ. օգնականի պաշտոնն զբաղեցնող Ա.Բ.-ն 2009-2016թթ. ընթացքում առանձին դրվագներով փաստաթղթեր ներկայացնելու, ստորագրելու և գումար ստանալու միջոցով  օժանդակել է «Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Վ.-ի, «Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ն. Ա.-ի, «Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրեն Գ. Գ.-ի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ վատնման եղանակով ուրիշի խոշոր և առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակությանը, ինչպես նաև՝ 2016-2017թթ. ընթացքում «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ-ից խարդախությամբ կատարել է խոշոր չափերի գումարի հափշտակություն:

 

Մասնավորապես, վերջինս, օգտագործելով իր ունեցած ծառայողական դիրքը և դրանից բխող ազդեցությունն ու կապերը, 2009-2016թթ. դիմել է «նշված ուսումնական հաստատությունների ղեկավարներին, նրանց հրամաններով տարբեր ժամանակահատվածներով աշխատանքի է ընդունվել որպես նշված ուսհաստատությունների բանվոր, պահակ կամ վարորդ: Այդ ընթացքում աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պարտականությունները չկատարելու պայմաններում, համապատասխան փաստաթղթերում կազմակերպությունների տարբեր աշխատակիցների մասնակցությամբ հակառակի վերաբերյալ կեղծ տվյալների ներառմամբ, ստորագրել է աշխատավարձի վճարման ցուցակներում և աշխատավարձի, այլ վճարումների ձևով ստացել, տնօրինել իր անվամբ հաշվարկված և դուրսգրված ընդհանուր 9․6մլն ՀՀ դրամ գումարը:

 

Քրեական գործը Ա․Բ.-ի (ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասին 1-ին կետ, 38-179-ի 2-մասի 1-ին և 3-րդ կետեր (երկու դրվագ), 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետ) և Գ․Գ.-ի (ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետեր, 314-րդ հոդվածի 1-ին մաս) մասով մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան։ Նախաքննության ընթացքում ամբողջությամբ հատուցվել է պետությանը պատճառված վնասը։

 

Միաժամանակ, նույն քրեական գործով պաշտոնեական անփութության, պաշտոնեական դիրքն օգտագործելով տարբեր չափերի հափշտակության, պաշտոնական փաստաթղթերի կեղծման հանցավոր արարքներ կատարելու կապակցությամբ որոշումներ են կայացվել ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի նախկին ղեկավարի, «Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի, նույն ՊՈԱԿ-ի նախկին պարետի, «Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի, նույն ՊՈԱԿ-ի տնօրենի ուսումնական գծով նախկին տեղակալի, կադրերի նախկին տեսուչի, «Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի գլխավոր հաշվապահի, կադրերի տեսուչի և կարիերայի ուղղորդման պատասխանատուի, «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի վարչատնտեսական և կազմակերպական դեպարտամենտի տնօրենի տեղակալի, նույն ՊՈԱԿ-ի վարորդի նկատմամբ վաղեմության ժամկետներն անցելու, անձանց մահվան, համաներման ակտի կիրառման հիմքերով քրեական հետապնդում չիրականացնելու մասին։

 

ՀՀ դատախազությունում քրեական գործի նյութերի ուսումնասիրությունից ակնհայտ է դարձել, որ հանցավոր դրսևորումների հիմնական պատճառ են դարձել ուսումնական հաստատությունների վարչատնտեսական լիազորություններով օժտված իրավասու  պաշտոնատար անձանց կողմից գրեթե նույնպիսի սխեմաների կիրառմամբ իրենց ծառայողական պարտականությունները ոչ միայն ոչ պատշաճ կատարելու, այլ նաև ի չարն օգտագործելու հանգամանքները: Հաշվի առնելով այդ փաստը՝  ՀՀ գլխավոր դատախազի կից գրությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին ներկայացվել է միջնորդագիր՝ նախարարության ենթակայությամբ գործող վերը նշված, ինչպես նաև այլ ուսումնական հաստատություններում պարզված հանցավոր դրսևորումներին նպաստած թերությունները, խնդիրները վերացնելու, հետագայում նմանատիպ երևույթները բացառելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու և դրանց արդյունքների մասին ՀՀ դատախազությանը հայտնելու վերաբերյալ:

Ձեզ կեհաքրքրի...