«Սեռական կողմնորոշում» հասկացությունն այսուհետ՝ ՀՀ նորմատիվ իրավական ակտերի համակարգում․ Արա Զոհրաբյան
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«2007թ. հոկտեմբերի 25-ին Լանզարոտում ստորագրված «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի վավերացման հարցն արդեն Ազգային ժողովում է: Այս կոնվենցիան Հայաստանի Հանրապետությունը ստորագրել է 2010թ. սեպտեմբերի 29-ին:
Թե կոնվենցիայի կիրառումը գործնականում ինչ հետևանքներ կարող է առաջացնել, ներկայացնում է սեքսոպաթոլոգ Նարինե Ներսիսյանը:
Առանց իրավական վերլուծության ենթարկելու նշված կոնվենցիան, որպես քաղաքացի կներկայացնեմ մի քանի դիտարկում՝
1. Կոնվենցիայով Հայաստանի նորմատիվ իրավական ակտերի համակարգ է ներմուծվում «սեռական կողմնորոշում» հասկացությունը:
2. Այս կոնվենցիայի վավերացումը հեշտացնելու է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը: Ստամբուլյան կոնվենցիան նույնպես կիրառում է «սեռական կողմնորոշում» հասկացությունը և բացի այդ, ըստ էության «ընտանիք» հասկացությանն էր հավասարեցրել նաև նույնասեռականների միությունը:
3. Այս կոնվենցիայի վավերացումը հեշտացնելու է Երեխաների որդեգրման մասին կոնվենցիայի վավերացումը: Հայաստանն այս կոնվենցիան ստորագրել է 2008թ. նոյեմբերի 27-ին: Այս կոնվենցիայի 7-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պետություններն ազատ են կոնվենցիայի գործողությունը տարածել նույն սեռի այն զույգերի նկատմամբ, ովքեր ամուսնացել են կամ գրանցել են իրենց զուգընկերությունը (partnership): Պետություններն ազատ են նաև Կոնվենցիայի գործողությունը տարածել տարբեր կամ նույն սեռի զույգերի նկատմամբ ովքեր միասին են բնակվում և ունեն կայուն հարաբերություններ:
4. Հիշում ենք նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նոր նախագծի մասին, որով առաջարկում էր փոփոխություններ և լրացումներ կատարել «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում (https://www.e-draft.am/projects/2008/about ): Նախարարությունն առաջարկել էր «ընտանիքի անդամներ» հասկացության մեջ ներառել նաև «զուգընկեր»-ը, որի տակ նախարարությունը հասկանում է «միևնույն անձի հետ մտերիմ (այդ թվում՝ ինտիմ) հարաբերությունների մեջ գտնվող անձ»: Ի դեպ, տեղեկացնեմ, որ փաստացի ամուսնության մեջ գտնվող, սակայն չգրանցված տարբեր սեռերի անձանց նույն օրենքը համարում էր ամուսիններ, ոչ թե՝ զուգընկերներ: Հետևաբար նախագծով առաջարկվող զուգընկերը լրիվ այլ հասկացություն է:
Հ.Գ. Պետք է պայքարել բռնությունների դեմ և պետք է երեխաներին պաշտպանել սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից, բայց դա պետք է այնպես կազմակերպել, որպեսզի չոչնչացնենք ընտանիք ինստիտուտը և մեր երեխաների մանկությունը»:
«ՍԵՌԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄ» ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՀՀ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ 2007թ. հոկտեմբերի 25-ին…
Опубликовано Արա Զոհրաբյան Вторник, 28 апреля 2020 г.