Տնտեսական բացասական զարգացումները մեղմելու համար 150 մլրդ դրամանոց փաթեթ է առաջարկվում. Ջանջուղազյան

tntesakan patet

«2020 թվականի բյուջեի մասին օրենքով հաստատվել  են բյուջետային այն ցուցանիշները, որոնց հիմքում ընկած էր տնտեսական աճի 4․9 տոկոս։ Բյուջետային շրջանակը կազմված էր այդ տրամաբանությամբ։ Առաջարկվող նախագծով ենթադրվում է, որ կունենանք 2 տոկոս անկում»,-Ազգային ժողովի արտահերթ նիստում ասաց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ ներկայացնելով 2020 թվականի պետական բյուջեի փոփոխությունների օրենսդրական նախագիծը։

Ջանջուղազյանն ընդգծեց, որ նախագծի նպատակը համարժեքորեն համավարակի ազդեցությանը հակադրյալներ ստեղծելն է, քանի որ արտաքին շոկերն իրենց ազդեցությունն են ունեցել  նաև Հայաստանի տնտեսության վրա։ Նախարարը նշեց, որ միջագային շուկաներում ապրանքների գները  և դրանց անկումը ևս իրենց ազդեցությունն են ունեցել։ Գործընկեր երկրներում, միություններում  տնտեսական աճը դանդաղում է, կան հրապարակումներ, որոնց համաձայն՝ տնտեսության անկում է կանխատեսվում։ Ասաց՝ Արժույթի միջազգային հիմնադրամի վերջին տեղեկատվության համաձայն՝ այն գնահատվում է շուրջ 3 տոկոս։ Նախարարի խոսքով՝ այն իր ազդեցությունն է ունենում գործընկեր երկրներում և չի կարող անհաղորդ լինել Հայաստանի տնտեսության համար։

«Հայաստանի դեպքում, հաշվի առնելով սերտ կապը և ռազմավարական նշանակության  համագործակցությունը Ռուսաստանի հետ, նաև ռուսական ռուբլու արժեզրկումը, չի կարող  չդիտարկվել որպես  արտաքին ցնցում»,- ասաց Ջանջուղազյանը։ Նա նշեց՝ ակնկալվում է, որ տնտեսության վրա ազդեցությունն ակնհայտ կլինի արտահանման կրճատումների, դրամական փոխանցումների ներհոսքի նվազման առումով, տուրիզմի կրճատումը նույնպես անխուսափելի համարեց։ Ֆինանսների նախարարն ընդգծեց՝ մեր երկրի տնտեսության վրա գործնականում բոլոր ոլորտների վրա առաջարկի ու պահանջարկի շոկն իր ազդեցությունը թողնում է։

Ատոմ Ջանջուղազյանը տեղեկացրեց, որ նախատեսվում են քաղաքական միջոցառումներ իրականացնել՝ հարկաբյուջետային քաղաքականությունը որպես գործիք օգտագործելով։ Նպատակը  սպասվող տնտեսական բացասական զարգացումները մեղմելն ու արագ վերականգնման համար նախադրյալներ ստեղծելն է։

«Առաջարկվում է 150 մլրդ դրամանոց փաթեթ, որտեղ 25-ական մլրդ դրամական բաժանմամբ ենթադրվում է, որ կօգտագործվեն  տնտեսական, սոցիալական խնդիրների մեղմման համար։ 80 մլրդ դրամ, ենթադրվում է, որ կօգտագործվի տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված ծրագրերի ֆինանսավորման համար, 20 մլրդ դրամ՝ պահուստային միջոցներ վերաբաշխելու համար՝ ըստ անհրաժեշտության։ Այս սցենարի ներքո լրացուցիչ ֆինանսավորման կարիքը գնահատվում է 260 մլրդ դրամ, որովհետև այսպիսի տնտեսական անկման կանխատեսումը ենթադրում է նաև համախառն ներքին արդյունքի մեծության նվազման կանխատեսում։ 7 տրիլիոն 95 միլիարդ դրամի փոխարեն ակնկալվում է, որ կլինի 6 տրիլիոն 485 մլրդ դրամ։ Համապատասխանաբար, այն կգեներացնի ոչ թե 1 տրիլիոն 602 մլրդ դրամ հարկային եկամուտներ, ինչպես կանխատեսվում էր, այլ մոտ 169 մլրդ դրամով պակաս»,- ասաց նախարարը։

Ջանջուղազյանը հայտնեց, որ ներկայացված 150 մլրդ դրամանոց փաթեթի և պակասուրդի ֆինանսավորումը միասին կպահանջի մոտ 260 մլրդ դրամ լրացուցիչ պարտքային միջոցների ներգրավում։ Այդ նպատակով առաջարկվում է այս տարվա բյուջեում փոփոխություն, որով կտրվեն որոշակի հնարավորություններ գերազանցել  սահմանափակումները։ Նշեց՝ դրանք այն սահմանափակումներն են, որոնք բնականոն վիճակում սահմանված են կարգավորումներով և պետք է պահպանվեն բյուջեի կատարման ընթացքում։ Նախատեսվում է նաև սահմանել առավելագույն պակասուրդի չափ՝ 324 մլրդ դրամ մեծությամբ, որը կկազմի կանխատեսվող համախառն ներքին արդյունքի 5 տոկոսը։

Հեղինակ`Նարե Ոսկանյան

Ձեզ կեհաքրքրի...