Խոշոր ավտովթար Երևանում. Վերնիսաժի դիմաց բախվել են դիվանագիտական համարանիշներով Mercedes S Class-ն ու «06»-ը. Mercedes-ը հայտնվել է կանաչ գազոնում, կա վիրավոր.
Այսօր՝ ապրիլի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում Խանջյան փողոցում՝ Վերնիսաժի դիմաց, բախվել են Mercedes 500 S Class մակնիշի 40 T 001 AM համարանիշի և ՎԱԶ 2106 մակնիշի 34 FD 150 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում օգնություն է ստացել, ապա տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի ավագ տեսուչ Շահեն Միսկարյանն ու տեսուչ Արմեն Մովսիսյանը։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Հակոբ Մաշչյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչրկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Ա. Թևոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Mercedes-ը բախումից հետո դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել կանաչ գազոնում, իսկ ավտոմեքենան էլ հաշվառված է Հայաստանում գործող դիվանագիտական ներկայացուցչություններից մեկի անունով։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: