Առաջին եռամսյակի ընթացքում ութ ոստիկան ազատվել է ոստիկանությունում ծառայությունից
ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում 2020 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում կատարվել են 291 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ:
Այս մասին «Արմենպրես»–ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։
Կատարված ծառայողական քննությունների արդյունքներով ոստիկանության ծառայողների նկատմամբ կիրառվել է 50 կարգապահական տույժ, այդ թվում՝ հայտարարվել է նկատողություն` 32, խիստ նկատողություն` 9, պաշտոնն իջեցվել է մեկ աստիճանով՝ 1, ազատվել են ոստիկանությունում ծառայությունից` 8:
Կարգապահական տույժ է կիրառվել նաև քաղաքացիական հատուկ ծառայության 4 ծառայողի նկատմամբ (մեկին հայտարարվել է նկատողություն, մեկին` խիստ նկատողություն, մեկը ազատվել է զբաղեցրած պաշտոնից ևքաղաքացիական աշխատանք կատարող մեկ անձի հայտարարվել է նկատողություն):
ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված օրինախախտումների փաստերով ներքին անվտանգության վարչության կողմից նախապատրաստվել և նախաքննական մարմինների քննարկմանն են ուղարկվել ծառայողական քննությունների 13 նյութեր: Դրանցից`2-ով նյութերը քննարկման փուլում են, 3-ով քրեական գործ հարուցելը մերժվել է, 8-ով հարուցվել են քրեական գործեր, որոնք նախաքննության փուլում են։
2020 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում ՀՀ ոստիկանությունում հրավիրվել է կարգապահական հանձնաժողովի մեկ նիստ, որի ընթացքում քննարկվել են ոստիկանության 7 ծառայողի վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 7 նյութեր:
Կարգապահական հանձնաժողովի միջնորդությամբ ՀՀ ոստիկանության պետի հրամաններով ոստիկանության 7 ծառայողի նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր, մասնավորապես՝ 2 ծառայողի հայտարարվել է խիստ նկատողություն, իսկ 5-ն ազատվել են ՀՀ ոստիկանությունում ծառայությունից:
Կարեն Խաչատրյան