Բուլղարիայի նոր կառավարությունը դադարեցրել է գազային բանակցություններն Ադրբեջանի հետ՝ վերադառնալով ռուսական գազին

Gaz

   Բուլղարիայի նոր ժամանակավոր կառավարությունը, որը ձևավորվել է օգոստոսի 2-ին վարչապետ Կիրիլ Պետկովի կաբինետի հրաժարականից հետո, դադարեցրել է գազային բանակցություններն Ադրբեջանի հետ և այժմ վերանայում է նախորդ կառավարության ձեռք բերած պայմանավորվածությունները, գրում է bgnews-ը։ Ժամանակավոր կառավարությունը նաև չի բացառում նոր երկարատև պայմանագրի կնքումը ռուսական «Գազպրոմի» հետ։ Ադրբեջանական գազի պատմությունը հետևյալ կերպ է զարգացել. Կիրիլ Պետկովը, որը նախորդ տարի դեկտեմբերին ընտրվել էր կառավարության ղեկավար, զբաղվում էր «Բուլղարգազի» և «Գազպրոմի» միջև կոռուպցիոն հարաբերությունների հետաքննությամբ։ 2013 թվականին ստորագրված պայմանագրի համաձայն՝ Բուլղարիան Ադրբեջանից տարեկան պետք է գներ մեկ միլիարդ խորանարդ մետր գազ։ Բայց քանի որ Հունաստան-Բուլղարիա գազատարի շինարարության ձգձգման պատճառով Հարավային գազային միջանցքը սկսեց աշխատել միայն 2020 թվականի վերջին, Բուլղարիան Ադրբեջանից ստացավ նախատեսված գազի ծավալի միայն մեկ երրորդը։ Այս տարվա ապրիլին, երբ Սոֆիան հրաժարվեց ռուսական գազի դիմաց ռուբլով վճարել, «Գազպրոմը» հայտարարեց, որ հունիսի 1-ից, երբ ավարտվում է «Գազպրոմի» և «Բուլղարգազի» պայմանագրի ժամկետը, ամբողջությամբ կդադարեցվի գազի արտահանումը Բուլղարիա։ Ի պատասխան՝ Կիրիլ Պետկովի կառավարությունը հայտարարեց, որ չի երկարաձգելու «Գազպրոմի» հետ համաձայնագիրը, հրաժարվում է ռուսական գազից և ապագայում ածխաջրածինների պահանջարկը փակելու է այլընտրանքային աղբյուրներով, այդ թվում՝ ադրբեջանական գազի մատակարարման միջոցով։ Երբ ավարտվեց Հունաստան-Բուլղարիա փոխկապակցիչի շինարարությունը, պաշտոնապես հայտարարվեց, որ սեպտեմբերի 1-ից Ադրբեջանից երկիր կմատակարարվի 1 միլիարդ խորանարդ մետր գազ, որը կազմում է «կապույտ վառելիքի» Բուլղարիայի կարիքների մեկ երրորդը։ Բացի այդ, Պետկովը հուլիսի 22-ին այցելել էր Բաքու, որտեղ հանդիպել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ու պայմանավորվել գազի լրացուցիչ ծավալների գնման մասին։ Նա նշել էր, որ Ադրբեջանը կարող է Բուլղարիային, բացի արդեն կնքված պայմանագրից, տարեկան վաճառել 500 միլիոնից մինչև 1 միլիարդ խորանարդ մետր գազ, որի տեղափոխման համար միայն անհրաժեշտ կլինի ավելացնել Հարավային գազային միջանցքի թողունակությունը։ Սակայն մի քանի օր անց Պետկովի կառավարությունը ստիպված հրաժարական տվեց, որից հետո Ադրբեջանի հետ գազային պայմանագրի ապագան անորոշ է։ Նոր վարչապետ Գիլիբ Դոնևի կառավարությունը հայտարարել է, որ Ադրբեջանը զգալի բարձրացրել է գազի գինը, և հիմա այն «Գազպրոմից» բարձր է։ Օգոստոսի 6-ին էներգետիկայի փոխնախարար Էլենկո Բոյկովը բուլղարական Nova հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ ժամանակավոր կառավարությունը չի բացառում «Գազպրոմի» հետ նոր երկարաժամկետ պայմանագրի կնքումը։ Նա նշել է, որ պատասխանատվությունը կրում է Պետկովի կառավարությունը՝ հրաժարվելով ռուսական գազի համար վճարել ռուբլով, որի հետևանքով Ռուսաստանը փակել է գազի մատակարարումները և ստեղծել էներգետիկ ճգնաժամ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/542448.html?fbclid=IwAR2QNWGUG83zGiWzOxg_gks_t4wbUx6YAluDZC_ByoaLIqZPCCWUcCmYWCU

© factor.am

Ձեզ կեհաքրքրի...