«Ադրբեջանական կողմն այս պահին կրակում է Մովսես գյուղի հարակից հենակետերի ուղղությամբ, գյուղի ուղղությամբ կրակոցներ չկան». վարչական ղեկավար. factor am

Krakum en

Ադրբեջանական զինուժն այս պահին կրակում է Տավուշի մարզի Մովսես գյուղի հարակից հենակետերի ուղղությամբ: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Մովսես գյուղի վարչական ղեկավար Արտակ Պապյանը: «Ամեն ինչով կրակում են: Այս պահին էլ կրակում են: Ականանետ է աշխատում»,- փոխանցեց նա: Արտակ Պապյանն ասաց, որ կրակոցները սկսվել են հուլիսի 12-ին ժամը 14:00-ի սահմաններում: Վարչական ղեկավարի փոխանցմամբ՝ գյուղի ուղղությամբ կրակոցներ չկան: Նշենք, որ քիչ առաջ էլ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը Ֆեյսբուքում գրել էր, որ ԱԺ պատգամավոր Տիգրան Կարապետյանի հետ Այգեպար գյուղում են, կրակոցների ձայներ են լսվում: Հիշեցնենք՝ հուլիսի 12-ին ՀՀ ՊՆ-ն տեղեկացրեց, որ ժամը 12:30-ի սահմաններում Ադրբեջանի Զինված ուժերի զինծառայողները, հայկական կողմի համար անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: «Ժամը 13: 45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով, հետ շպրտվել: Հայկական կողմից կորուստներ չկան»,- ասված է հաղորդագրությունում: Ավելի ուշ ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնեց, որ ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծությունը հայկական նույն դիրքի ուղղությամբ, որտեղ այսօր Ադրբեջանի ԶՈՒ-ն սադրանքի էր դիմել։ «Ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել մեր նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից: Իրավիճակի լարման հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- գրել է ՊՆ խոսնակը: Դեպքի առնչությամբ ադրբեջանական կողմը հայտնել է, որ ունեն երեք զոհ և վիրավորներ: ՀՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ հայկական կողմը զոհեր չունի:

Նարեկ Կիրակոսյան

Ձեզ կեհաքրքրի...