«Սեքյուրիթի դրիմ»-ի «դարաշրջան»-ն ավարտվում է. կառավարությունը որոշում ընդունեց ոլորտը լիազորել ոստիկանությանը, armtimes

Nkarichner

  Կառավարությաւն այսօրվա որոշմամբ, կստեղծվի «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն»։ 

ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը ՀՀ կառավարության այսօրվա նիստում հայտնեց, որ ոստիկանության ենթակայության ներքո ստեղծված ՊՈԱԿ-ը լինելու է տեխնիկական միջոցների՝ տեսախցիկների, ֆոտոխցիկների, արագաչափերի օգտագործման վերհսկողություն իրականացնող և հանցագործություններ և վարչական իրավախախտումներ ամրագրող, ինչպես նաև ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի վարչական իրավախախտումների գործերով վարույթի նախապատրաստական աշխատանքներ իրականացնող, իսկ այլ դեպքում՝ լիազոր մարմնի պահանջով տեսալուսանկարահանող համակարգով հավաքված տեղեկություններ տրամադրելու միջոցով տվյալ մարմնին օժանդակող կազմակերպություն:

Հայտնաբերված վարչական իրավախախտումներով գանձված տուգանքները օրենքով սահմանված կարգով մուտքագրվելու են պետական բյուջե։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, որ կայացրած որոշման արդյունքում այն գործառույթը, որն իրականացնում է «Սեքյուրիթի Դրիմ» մասնավոր ընկերությունը, կիրականացվի արդեն պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով: Նա հիշեցրեց, որ այս պատմությանը անդրադարձ է եղել դեռևս երբ գործել են ընդդիմադիր դաշտում:

«Բայց այս որոշման համար վերջին կաթիլը հանդիսացել է այն, որ երբ մենք մրցույթ ենք հայտարարել և փորձել ենք մրցութային պայմաններով պաշտպանել հանրային շահը և տեսել ենք, որ մրցութային օրենսդրությունը որոշակի մանիպուլյացիաների համար է օգտագործվում, որոշել ենք այս թեման ֆունդամենտալ ձևով փակել»,-նշեց վարչապետը։ 

Փաշինյանը նաև մանրամասնեց, որ այդ հարցն ավելի վաղ չէին անում, քանի որ գործառույթը բավականին բարդ էր. «Բավականին երկար ժամանակ աշխատանքներն արվել են, և այստեղ այլևս խոսակցություն չի լինի, թե պետությունը եկամուտի որ մասը ում հետ պետք է բաժանի. մենք այդ ամբողջ եկամուտը բերում ենք պետական տիրույթ, և այդ ամենը մեր ներքին քննարկումների հարցն է: Պայմանականորեն ասած՝ «Սեքյուրիթի Դրիմ»-ի դարաշրջանը այսպիսով բարեհաջող ավարտվում է, և գործառույթը դառնում է լիարժեք պետական»:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն առաջարկեց ավելի կարճ անուն դնել ՊՈԱԿ-ին, քանի որ ըստ նրա՝ շատ հաճախ այնպիսի անուններ են դնում, որ հետո ասել չի ստացվում:

Վարչապետին դուր եկավ առաջարկը,հանձնարարեց մտածել այս ուղղությամբ։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն առաջարկեց «Ժպիտ» դնել ՊՈԱԿ-ի անունը, ինչից հետո վարչապետը չկարողացավ զսպես ծիծաղը կատակելով. «Արդեն սկսեց… փոխվարչապետն առաջարկում է «Ժպիտ» դնել ՊՈԱԿ-ի անունը, այն տրամաբանությամբ, որ ժպտացեք, ձեզ լուսանկարահանում են»։

Ձեզ կեհաքրքրի...