Պետական բարձրաստիճան պաշտոնյաները վարչապետի որոշմամբ մարտի համար պարգևավճար չեն ստանում

pargevavcharner

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ պետական բարձրաստիճան պաշտոնյաները մարտ ամսվա համար պարգևավճար չեն ստանում, այդ գումարն ուղղվում է հակաճգնաժամային միջոցառումներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին ասաց ֆեյսբուքի ուղիղ եթերում՝ պատասխանելով քաղաքացիների հարցերին:

«Իմ որոշմամբ մարտ ամսին պետական բարձրաստիճան պաշտոնյաները պարգևավճար չեն ստանում, և այդ գումարն ուղղվում է մեր հակաճգնաժամային միջոցառումներին: Սակայն դա ավելի շատ սիմվոլիկ է, քանի որ այդ գումարն իր ֆիզիկական արժեքով չնչին գումար է»,-ասաց Փաշինյանը:

Այնուամենայնիվ, անդադառանալով պետական բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացմանը պարգևավճարների հաշվին՝ վարչապետը հիշեց, որ նախկինում, որպես ընդդիմադիր գործիչ, պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումը, պարգևավճարները ցինիզմ է որակել, քանի որ այդ բոլոր պաշտոնյաներին տրված է եղել արտոնություն՝ կաշառքներով, հովանավորչությամբ, կոռուպցիոն այլ լծակներով փողեր աշխատել և ըստ էության թալանել երկիրը: Նա վստահեցրեց՝ հիմա պետական կառավարման համակարգի առաջ դրված է խստագույն խնդիր և յուրաքանչյուրը գիտի, որ կոռուպցիայում ներգրավվելու պարագայում կպատժվի: Եվ վարչապետը համարում է, որ այդ պաշտոնյաների աշխատանքի արդյունավետության շնորհիվ է նաև հնարավոր եղել 1 մլն 90 հազար մարդու աշխատավարձ, թոշակ, նպաստ  բարձրացրել, 2018-ից ի վեր Հայաստանի պետական բյուջեի եկամուտներն ավելացնել 1 մլրդ 100 մլն դոլարով:

«Ես կարծում եմ, որ մենք հիմա պետք է ազնիվ, արդար պետական ծառայության վարկանիշը բարձրացնենք: Պետական կառավարման համակարգում պետք է աշխատավարձերի շարունակական բարձրացում տեղի ունենա, որովհետև բազմաթիվ խնդիրներ չեն լուծվում մի պարզ պատճառով, որ անհրաժեշտ մասնագիտական հմտություն ունեցող կադրեր հաճախ հնարավոր չի լինում ներգրավել պետական կառավարման համակարգում: Եվ մեր պատկերացումը հետևյալն է՝ մենք պետք է կրճատենք պետական կառավարման համակարգի աշխատողների քանակը, բարձրացնենք աշխատավարձը, որ մեկ աշխատողից ավելի շատ ու ավելի կարևոր արդյունք կարողանանք արձանագրել»,-ասաց Փաշինյանը:

Ձեզ կեհաքրքրի...