Մոսկվան ԱՄՆ-ից և Ֆրանսիայից ազդանշաններ չի ստացել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը վերսկսելու մտադրության մասին. ՌԴ ԱԳՆ

AGN RD
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Կիևին ռազմական աջակցության նոր փաթեթի մասին: Ռուսական կողմն արձագանքել է․ «Մեծացնելով Ուկրաինային զենքի մատակարարումները՝ Վաշինգտոնը ձգտում է դանդաղեցնել Ռուսաստանի հատուկ գործողությունը, սակայն իրավիճակը Կիևում անհույս է»,- հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։
Նշվում է, որ Մոսկվան իրավունք ունի օրինական թիրախ համարելու Ուկրաինայի տարածքով անցնող ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի՝ զենք տեղափոխող փոխադրամիջոցները։
Դաշնության արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը՝ նշելով, որ Ռուսաստանն ԱՄՆ-ից և Ֆրանսիայից ազդանշաններ չի ստացել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը վերսկսելու մտադրության մասին։ «Մենք նման նախաձեռնություն չենք սպասում: ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման դիվանագիտական ակտիվությունը նշանակալիորեն զգացվել է, երբ Վաշինգտոնը և Փարիզը փաստացիորեն կաթվածահար են արել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների երբեմնի ներդաշնակ աշխատանքը՝ հրաժարվելով մեր մասնակցությամբ համագործակցությունից: Նման համընկնումները պատահական չեն լինում:
Նաև ակներև են բարձր մակարդակում ռուս-հայկական-ադրբեջանական պայմանավորվածությունները (Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատումը և սահմանագծումը, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը) և անցած տարի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկած օրակարգը (արդիական հումանիտար խնդիրները լուծելը, Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստումը) յուրացնելու՝ Բրյուսելի անպատկառ փորձերը:
Այդ համատեքստում հաստատում ենք մեր աներկբա հավատարմությունը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 9-ի, 2021 թ. հունվարի 11-ի և 2021 թ. նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների հետևողական իրականացմանը: Միաժամանակ լի ենք վճռականությամբ՝ համակողմանիորեն աջակցելու խաղաղության պայմանագրի կնքմանը Ադրբեջանի և Հայաստանի միջև, որոնց հետ մեզ պատմականորեն կապում են բարեկամական, դաշնակցային և գործընկերային կապերը»,- հայտարարել է Մարիա Զախարովան: 
1lurer.am

Ձեզ կեհաքրքրի...