Չավուշօղլուն խոսել է ռուս-թուրքական հարաբերությունների մասին
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մ. Չավուշօղլուն հարցազրույց է տվել սերբական պարբերականին, որտեղ անդրադարձել ռուս-թուրքական հարաբերությունների բնույթին:
Չավուշօղլուն նշել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները թե՛ երկկողմ, թե տարածաշրջանային մակարդակում հագեցած բովանդակություն ունեն: Նրա խոսքով՝ կարևոր են համարում դրական հունի մեջ պահել երկկողմ համագործակցությունը՝ հիմնվելով փոխադարձ հարգանքի վրա:
Թուրքիայի արտգործնախարարն ընդծգել է, որ տարածաշրջանային մակարդակում Թուրքիան երկխոսություն է վարում ՌԴ-ի հետ մի շարք հարցերի շուրջ, որոնք կարևորություն են ներկայացնում նաև եվրաատլանտյան անվտանգության համար:
Նրա դիտարկմամբ՝ թեև երկու պետությունները տարածաշրջանային հարցերում որոշ տարբերվող մոտեցումներ ունեն, սակայն ջանքեր են գործադրում երկխոսության միջոցով ընդհանուր հայտարարի գալու և խնդիրներին լուծում գտնելու համար:
«Անմիջապես մեր սահմաններից այն կողմ եղած խնդիրների լուծման համար համագործակցում ենք բոլոր դերակատարների հետ, ովքեր կարող են դրական ներդրում ունենալ»,- հայտնել է Չավուշօղլուն՝ հավելելով, որ Ռուսաստանն այդ տարածաշրջաններում ազդեցիկ դիրք ունի:
Ընդգծելով, որ Ռուսաստանի հետ Թուրքիայի դրական հարաբերությունները կարևոր ներդրում ունեն միջազգային և տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցում՝ Չավուշօղլուն կարծիք է հայտնել, որ այս հանգամանքը պետք է ավելի լավ ընկալվի: