ՍԴ հեղինակության վերականգնումն անհնար է նույն կազմի պահպանման դեպքում. ԱԺ կայքում հրապարակվել է փոփոխությունների նախագիծ
ՀՀ ազգային ժողովի պաշտոնական կայքում քիչ առաջ տեղադրվել է Սահմանադրությունում փոփոխությունների մասին նախագիծ: Այն ներկայացրել է ՀՀ ԱԺ պատգամավորների մեկ քառորդի կողմից:
Նախագծում առաջարկվում է սահմանադրության 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ եւ ներկայացնել այսպես. «Հոդված 213. Սահմանադրական դատարանի անդամների եւ նախագահի պաշտոնավարումը
Մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի եւ անդամների պաշտոնավարումը դադարում է:
2. Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Կառավարությունը, Հանրապետության նախագահը եւ դատավորների ընդհանուր ժողովը: Սույն փոփոխություններով հոդվածի 1-ին մասի հիման վրա առաջացած թափուր տեղերը համալրելու ընթացակարգը եւ ժամկետները սահմանվում են «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված հատուկ ընթացակարգով, որոնք պետք է ընդունվեն եւ ուժի մեջ մտնեն մինչեւ 2020 թվականի ապրիլի 1-ը»:
Որպես հիմնավորում՝ նշվում է, որ ՍԴ ներսում եւ դրա շուրջ առկա ճգնաժամն այս պահին ունի մի քանի ասպեկտ, որոնք լրջագույն մարտահրավեր են Հայաստանի ժողովրդավարության, ինքնիշխանության եւ իրավական որակների համար:
Ստորեւ ներկայացնում ենք նախագծի հեղինակների կողմից առաջարկվող փոփոխության հիմնավորումը.
«ՍԴ ճգնաժամի առաջնային խնդիրը նախկինում նշանակված անդամների եւ 2015 թ.-ի փոփոխություններով Սահմանադրության 7-րդ գլխով ընտրվող դատավորների պաշտոնների ակնհայտ բովանդակային տարբերությունն է, որի մասին իրավական հանրությունում քննարկումները գնալով ավելի են թեժանում:
ՍԴ ներկայիս կազմի պահպանմամբ լրջագույն խնդիրների է բախվում նաեւ ՍԴ-ն ներդատարանական հավասարության իմաստով, քանի որ.
ՍԴ ներկայիս կազմի պահպանման դեպքում 2015 թ.-ի Սահմանադրությամբ ընտրված դատավորների եւ մինչ այդ նշանակված անդամների պաշտոնավարման ժամկետների միջեւ էական տարբերություն կա: Մինչ նորընտիր դատավորները պաշտոնավարում են 12 տարով, նախկինում նշանակված անդամները, որոնք նշանակվել են 1995 թ.-ի Սահմանադրությամբ (ՍԴ 2 անդամ) պաշտոնավարելու են մինչեւ 70 տարեկանը լրանալը, իսկ 2005 թ.-ի Սահմանադրությամբ (ՍԴ 5 անդամ) նշանակվածները մինչեւ 65 տարեկանը լրանալը: Այլ խոսքով՝ ավելի պատկերավոր իրավիճակը ներկայացնելու համար, օրինակ, ՍԴ մի անդամը կարող է պաշտոնավարել այս դատական կազմում 33 տարի (1996 թ.-ից մինչեւ 2029 թ.-ը), իսկ նորընտիր դատավորի համար այդ ժամկետը սահմանափակված է 12 տարով:
Սույն փոփոխության նպատակը ՀՀ Սահմանադրական դատարանի (այսուհետ ՍԴ) կազմի սահմանադրականության եւ դրա նկատմամբ հանրության եւ իշխանության ճյուղերի կողմից վստահության բացակայության ճգնաժամերի հանգուցալուծումը եւ 2015 թ.-ի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության (այսուհետ Սահմանադրություն) 7-րդ գլխի կանոններով նախատեսված Սահմանադրական դատարանի ձեւավորումն է:
Հաջորդ խնդիրը ՍԴ դեմոկրատական լեգիտիմության դեֆիցիտն է, որում ՍԴ-ն ունի ուղղակի պատասխանատվության իր բաժինը՝ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններում ընտրական իրավունքի եւ ժողովրդի կողմից իր իշխանությունն ընտրելու երաշխիքների շարունակական անտեսման պատճառով հօգուտ օրվա իշխանության: Սա կործանարար ազդեցություն է ունեցել քաղաքացիների եւ հանրային իշխանության մարմինների կողմից ՍԴ նկատմամբ ունեցած վստահությունը կորցնելու հարցում, ինչն անթույլատրելի վիճակ է սահմանադրական արդարադատության մարմնի համար: Իրողություն է, որ ՍԴ-ն այս պահին իր անդամների կազմով ամենացածր հեղինակություն վայելող հանրային իշխանության մարմիններից է, եւ այդ հեղինակության վերականգնումն անհնար է նույն կազմի պահպանման դեպքում:
7-րդ գումարման ՀՀ Ազգային ժողովը, որպես վերջին 20 տարիների ընթացքում ազատ ընտրության իրավունքի բոլոր երաշխիքների եւ Սահմանադրության 2-րդ հոդվածի անշեղորեն պահպանմամբ ձեւավորված ժողովրդավարական առաջնային մանդատով օժտված բարձրագույն մարմին, որն ունի Սահմանադրության փոփոխություն կատարելու լիազորություն, այսպիսով նպատակ ունի վերջնական եւ հիմնարար լուծում տալ ՍԴ-ի 2015 թ.-ի Սահմանադրության 7-րդ գլխի կանոններով ձեւավորման խնդրին»:
ԱԺ նախագահին առաջարկվել է այս հարցով հիմնական զեկուցող նշանակել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանին: