Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն խնդիր չունի ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հետ
Ռուսաստանը մտահոգված չէ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի հնարավոր անդամակցության հետ կապված, սակայն հայելային պատասխան կտա այդ երկրներում դաշինքի ռազմական ենթակառուցվածքների տեղակայման դեպքում։
«Մենք անհանգստանալու ոչինչ չունենք ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության առումով։ Ցանկանում են միանալ՝ խնդրեմ։ Նրանք միայն պետք է հստակ ու պարզ պատկերացնեն, որ նախկինում նրանց համար որևէ սպառնալիք չի եղել, իսկ հիմա այնտեղ ռազմական ստորաբաժանումների տեղակայման դեպքում ստիպված կլինենք հայելային պատասխան տալ և ստեղծել նույն սպառնալիքներն այն տարածքների համար, որտեղից մեզ համար սպառնալիքներ են ստեղծվում»,- ասել է Պուտինը։ Նա, միաժամանակ, ընդգծել է, որ արևմտյան երկրների կոչն Ուկրաինային՝ հրաժարվել Ռուսաստանի հետ բանակցություններից, հաստատում է, որ «ամեն ինչ արվում է՝ միասնական Արևմուտքի կայսերական նկրտումներին հասնելու համար»։
Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կասպյան գագաթնաժողովից հետո, գրում է ՌԲԿ-ն։