Դատարանը Տիգրան Արզաքանցյանին մեղավոր ճանաչեց
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը 2021թ ընտրություններում պատգամավորի թեկնածու առաջադրված Տիգրան Արզաքանցյանին մեղավոր ճանաչեց կեղծ փաստաթուղթ օգտագործելու համար եւ դատապարտեց 350.000 դրամ տուգանքի։
Ըստ մեղադրանքի’ նա Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում գտնվող ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն է ներկայացրել կեղծ փաստաթուղթ հանդիսացող տեղեկանք, որ սովորել է ՌԴ ինստիտուտում։ Այս փաստաթղթով Տիգրան Արզաքանցյանը կարողացել է տեղեկանք ձեռք բերել, որ վերջինս 4 տարում ՀՀ-ում է բնակվել եւ ներկայացրել է ԿԸՀ։
«Զղջում եմ իմ արածի համար, չեմ ցանկանում ցուցմունք տալ»,- ասաց Տիգրան Արզաքանցյանը։
Նա միաժամանակ չցանկացավ դատախազի որեւէ հարցի պատասխանել։
Մինչ դատաքննության ավարտը, Տիգրան Արզաքանցյանի պաշտպան Գեորգի Մելիքյանը միջնորդեց քրեական գործի վարույթը կարճել, քանի որ ոչ ծանր հանցագործություն է կատարել։ Դատավորը որոշել էր միջնորդությանն անդրադառնալ վերջնական դատական ակտ կայացնելիս։
Իսկ մեղադրող Երիցյանը ապացուցված էր համարել Տիգրան Արզաքանցյանի մեղքը եւ միջնորդել դատապարտել 400.000 դրամ տուգանքի։