Հայաստանը նախատեսում է ունենալ տեղական արտադրության արբանյակ․ Վահագն Խաչատուրյան

Xachaturyan Vahagn

 Հայաստանը նախատեսում է ունենալ տեղական արտադրության արբանյակ, այս մասին Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ՀՀ բարձրագույն տեխնոլոգիաների արդեն նախկին նախարար, ՀՀ ընտրված նախագահ Վահագն Խաչատուրյանը։

Նա նշել է, որ տիեզերական հնարավորություններից օգտվելը մեծ առավելություն է ոչ միայն ռազմական նպատակներով, այլև քաղաքացիական նկատառումներից ելնելով՝ գյուղատնտեսական, օդերևութաբանական նպատակներով, ինչպես նաև Կադաստրի գործառույթների շրջանակում։ 

«Իմիջիայլոց, այսպես, թե այնպես հիմա Կադաստրն օգտագործում է տիեզարական լուսանկարահանումները։ Հիմա մենք այդ ամեն ինչը ունենալու ենք հայկական, հայաստանյան [Տիեզերական – խմբ․] գործակալության շրջանակներում իրականացվող։ Մենք պետք է փորձենք նաև ունենալ արբանյակ, այդպիսի խնդիր ենք դրել ․․․ տեղական ինքներս արտադրել»,– ասել է նա։

Վահագն Խաչատուրյանը նշել է, որ գիտեն մարդկանց, որոնք այլ երկրների արբանյակների ծրագրային աշխատանքների փորձ ունեն, մասնակցում են նման ծրագրի իրագործմանը։ 

«Հիմա եթե Էստոնիայի նման երկիրն ունի երեք արբանյակ, եթե Էստոնիան ունի շատ լուրջ մասնագետներով, տեխնիկայով հագեցած գործակալություն, չեմ կարծում, որ մենք ավելի պակաս կարող ենք լինել։ Անպայման մենք այս հնարավորությունը պիտի օգտագործենք։ Չխոսեմ հարևանների մասին, որոնք բոլորը ձգտում են ավելի ներկայացված լինել տիեզերքում»,– ասել է նա՝ հավելելով, որ կառավարությունը մեծ աջակցություն է ցուցաբերել նախարարությանը այս հարցում։    

«Դա կախված է մեր նախաձեռնության չափից, ինչքանով մենք կխորանանք, ինչքանով մենք պատրաստ կլինենք այդ աշխատանքներն իրականացնել։ Իսկ ես համոզված եմ, որ այն մասնագետները, որոնք դեռ մնացել են, որոնք կան այսօր, մեզ կօգնեն, որպեսզի տիեզերական գործունեության մեր նախաձեռնություններն ավելի կոնկրետ լինեն, ավելի կիրառական լինեն»,– ասել է նա՝ նշելով, որ դա ավելի մեծ խթան կլինի, որպեսզի կառավարությունն ավելի շատ ուշադրություն դարձնի ոլորտին։

 

news.am

Ձեզ կեհաքրքրի...