Անշուշտ, հաճելի է լսել, երբ ԱՄՆ պետքարտուղարն ասում է՝ մարտահրավերներով լեցուն ժամանակաշրջան է, բայց իմացեք. ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Badalyan
 Անշուշտ, հաճելի է լսել, երբ ԱՄՆ պետքարտուղարն ասում է՝ մարտահրավերներով լեցուն ժամանակաշրջան է, բայց իմացեք, որ դուք ունեք իրական եւ ուժեղ բարեկամ, ի դեմս Միացյալ Նահանգների:
Կասկած չկա, որ այդ հայտարարությունը լայն տիրաժավորում է ստանալու Հայաստանում, մոտավորապես այն տողատակով կամ համատեքստով, որ ԱՄՆ գրեթե պատրաստ է Հայաստանին միջուկային զենք էլ տրամադրել, բայց կրեմլահպատակ իշխանությունը չի անում մի փոքր ընդառաջ քայլ 🙂
Եթե լուրջ, ապա հարցն այն է, որ 44-օրյա պատերազմում մեր ականջները այնքան էն բառի մահաբեր ձայներ լսել, որ մեզ դուրս են բերել «ականջով սիրելու» շրջանից: Հետեւաբար, հայ-ամերիկյան հարաբերությունն իր գերկարեւորությամբ, նաեւ պահանջում է մարտահրավերներով լեցուն աշխարհին համարժեք առարկայացում, ընդ որում՝ առանց նախապայմանների:
Ինչ է նշանակում առանց նախապայմանի: Մասնավորապես, հայ-ամերիկյան հարաբերության, եւ ուժեղ բարեկամության առարկայացումը չպետք է ենթադրի երկու բան: Մեկը՝ վերջին շրջանի ամենաքննարկված «նշաձողի» իջեցումը, եւ մյուսը՝ բոլորիս համար հասկանալի է Ռուսաստանի ազդեցությունը, հատկապես ներկայիս գերզգայուն վիճակում: Ըստ այդմ, ուժեղ բարեկամության առարկայացումը չպետք է պայմանավորվի ՌԴ դեմ Հայաստանի որեւէ դիրքավորումով, եւ ավելին, իրապես ուժեղ կլինի հենց այն, որ բարեկամությունն առարկայանա՝ հաշվի առնելով ներկայիս իրողություններն ու թեկուզ սահմանափակ հնարավորությունները:
Որովհետեւ, մեղմ ասած բացարձակապես ցանկալի չէ, որ ԱՄՆ ուժեղ բարեկամությունը Հայաստանը զգա մոտավորապես այնպես, ինչպես այսօր զգում է Ուկրաինան:
Հետեւաբար, գուցե նույնիսկ արժե զերծ մնալ հնչեղ հայտարարություններից, փոխարենը կենտրոնանալ կոնկրետ աշխատանքային ռեժիմի վրա, որովհետեւ մի բան էլ թերեւս անկասկած է, ինչի մասին գրառում էի արել օրեր առաջ՝ ԱՄՆ պետք է մի շարք առումներով էապես վերանայի Հայաստանի հանրային դաշտի հետ աշխատանքի մեթոդաբանությունը, որովհետեւ ծախսված փողի եւ ստացված արդյունքի միջեւ, «հակառուսականությունը» հանած, արդյունքի ստեղծման առումով բավականին ցածր ՕԳԳ է:

Ձեզ կեհաքրքրի...