Գնդապետ Արշակ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերի գույքը թաքցնելու և փողերի լվացման համար

Arshak

 Առանձնապես խոշոր չափերով գույքի և եկամուտների հայտարարագրման տվյալները թաքցնելու և փողերի լվացման փաստերով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք է բերվել բավարար ապացույցների համակցություն, որով հիմնավորվել է, որ Արշակ Հակոբյանը, 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ զբաղեցնելով ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը և հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձ, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում դիտավորությամբ թաքցրել է հայտարարագրման ենթակա տվյալները, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի չհայտարարագրմանը, ինչպես նաև օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը` 22.007.259 ՀՀ դրամը:

Ըստ առաջադրված մեղադրանքի` Արշակ Հակոբյանը, 2017 թվականին ներկայացրած` պաշտոնը ստանձնելու և նույն թվականի տարեկան հայտարարագրերում, ինչպես նաև 2018 թվականին ներկայացրած` պաշտոնը դադարեցնելու հայտարարագրում դիտավորյալ թաքցրել է հայտարարագրման ենթակա` սեփականության իրավունքով իրեն պատկանող, առանձնապես խոշոր չափերի` ավելի քան 7 մլն ՀՀ դրամ կադաստրային արժեքով տունը: 

Բացի այդ, ՀՀ ոստիկանության վերը նշված պաշտոնատար անձը 2017 թվականի տարեկան հայտարարագրում դիտավորությամբ թաքցրել և չի հայտարարագրել նույն տարեթվին նվիրատվության պայմանագրով ձեռք բերված և նվիրատվության պայմանագրով օտարված` համապատասխանաբար 2017 թվականի արտադրության, 90.000 ԱՄՆ դոլարին համարժեք 43.069.500 ՀՀ դրամ արժեքով «Mersedes-Benz GLS 500 4matik» մակնիշի և 2008 թվականի արտադրության «Samand Soren 1.8» մակնիշի ավտոմեքենաները: 

Մասնավորապես, նախաքննությամբ ապացույցներ են ձեռք բերվել, որ Արշակ Հակոբյանը «Mersedes-Benz GLS 500 4matik» մակնիշի տրանսպորտային միջոցը գնել է կանխիկ վճարմամբ, ապա` վճարված գումարի իրական բնույթն ու հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով, կանխիկ եղանակով կատարված առուվաճառքի հիշյալ գործարքը ձևակերպել է իբրև նվիրատվություն և այդ եղանակով փաստացի թաքցրել ու խեղաթյուրել է իր ունեցած` հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի՝ 22.007.259 ՀՀ դրամ կանխիկ գումարի իրական ծագումը: 

29.11.2021 թվականին Արշակ Հակոբյանը ձերբակալվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից: Նույն օրը նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված /երկու դրվագ/` հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերով գույքը դիտավորությամբ թաքցնելու և ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված` հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքի օրինականացման համար:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` Ա. Հակոբյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:  Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ձեզ կեհաքրքրի...