Արական սեռի անձանց 19 տարեկանից անձնագրեր տալու մասին նախագիծը արժանացավ հավանության
Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթին։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հիմնական զեկուցող Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը նշեց, թե նախագծով առաջարկվում է, որ մինչեւ 16 տարեկան, ինչպես նաեւ 16 տարին լրացած արական սեռի քաղաքացիներին անձնագրերը տրամադրվեն մինչեւ նրանց 19 տարին լրանալը, իսկ 19 տարին լրացած լինելու դեպքում` «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված կարգով տրված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման կամ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված բժշկական վերափորձաքննության ժամկետով: Նախագծով առաջարկվում է պաշտպանության նախարարի միջնորդությամբ 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիներին նաև ավելի երկար ժամկետով անձնագիր տրամադրելու հնարավորություն նախատեսել այլ բացառիկ դեպքերում (ուսման, բուժման, սպորտային, մշակութային միջոցառումներին մասնակցելու նպատակով):
«Բացի այդ, օրինագծերն ընդունելիս անձը հաստատող փաստաթուղթ ունենալու իրավունքը կերաշխավորվի նաև այն դեպքում, երբ հիվանդությամբ պայմանավորված շարժվելու, գրելու ունակությունը, հիշողությունը կորցրած կամ բժշկական հաստատությունում անգիտակից վիճակից գտնվող քաղաքացին ի վիճակի չի լինի անձամբ ներկայացնելու դիմում։ Նախագծերով նաև առաջարկվում է անձնագրում անձի ցանկությամբ ծննդավայր պետության փոխարեն նշել մարզը, շրջանը, քաղաքը, ավանը կամ գյուղը՝ ծննդյան վկայականում համապատասխան նշումների առկայության դեպքում։ Օրինագծով կատարվող մյուս փոփոխության նպատակն է հին նմուշի, ոչ կենսաչափական տվյալներով անձնագրերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տրամադրելու վերջնաժամկետը երկարաձգել ևս մեկ տարով՝ այն է 2022 թվականի հունվարի 1-ի փոխարեն սահմանելով 2022 թվականի դեկտեմբերի 31-ը»,- ասաց Ֆիդանյանը։
Հանձնաժողովը հավանություն տվեց նախագծերի փաթեթին և ուղարկեց Ազգային ժողովի նիստերի օրակարգ։