Անկարան արձագանքել է ԱՄՆ-ում «գորշ գայլերի»՝ ահաբեկչական կառույց լինելու հարցը հետքաննելու որոշմանը

Andradardz

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Թանժու Բիլգիչն ափսոսանքվ է արձագանքել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում «գորշ գայլերի/գաղափարապաշտների ակումբների՝ ահաբեկչական կազմակերպություն լինել-չլինելու հարցի քննությունը» նախատեսող հոդվածի ընդունմանը և այդ քայլը «մտահոգիչ» է բնորոշել։

Թանժու Բիլգիչը գրավոր հաղորդագրությունում նշել է, որ «հակաթուրքական լոբբիի այդ նախաձեռնությունը վնասում է ահաբեկչության դեմ պայքարին»։

«Մեր դաշնակից ԱՄՆ-ի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարում բոլոր անկեղծ երկրները նման հորինված և հետին միտք հետապնդող պնդումներին տուրք տալու փոխարեն, պետք է վճռական պայքար մղեն այնպիսի իրական ահաբեկչական կազմակերպությունների դեմ, ինչպիսիք են PKK/PYD/YPG-ն և FETÖ-ն»,-շեշտել է Թուրքիայի ԱԳՆ խոսնակը։

Ըստ Բիլգիչի՝ Թուրքիայի սպասելիքն այն է, որ այդ պահանջը տեղ չգտնի Կոնգրեսում ընդունվելիք օրենքի վերջնական տեքստում։

Գաղափարապաշտների ակումբների ահաբեկչական կառույց լինել-չլինելու հարցի հետաքննությունը նախատեսող հոդվածն ԱՄՆ-ի 2022թ․ պաշտպանության բյուջեի նախագծում (NDAA) ավելացվել է դեմոկրատ պատգամավոր Դինա Թիթուսի նախաձեռնությամբ։ Հոդվածն ընդունվել է Ներկայացուցիչների պալատի Կանոնների հանձնաժողովում։ Ըստ դրա՝ նախագծի օրինականացումից հետո 180 օրվա ընթացքում պետդեպարտամենտը հարցի վերաբերյալ զեկույց պետք է պատրաստի և ներկայացնի Կոնգրեսին։

 

ermenihaber.am

Ձեզ կեհաքրքրի...