Եռամսյա հավաքների ընթացքում պահեստազորայիններն իրազեկվում են իրենց իրավունքների, պարտականությունների և հանցավոր վարքագծի քրեաիրավական հետևանքների մասին

havaq

 Ինչպես արդեն տեղեկացվել է, պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, ինչպես նաև բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման նպատակով 2021թ. օգոստոսի 25-ից Հայաստանի Հանրապետությունում մեկնարկել են պահեստազորում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքներ: Դրանց շրջանակներում հանրապետության ողջ տարածքում իրականացվում է զորահավաքային զորակոչ:

 

ՀՀ զինվորական դատախազությունը, իր լիազորությունների շրջանակներում հետևելով օրենսդրության պահանջներին նշված գործընթացի համապատասխանությանը, դրանց շրջանակներում հավաքների մասնակիցների իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև հետամուտ լինելով եռամսյա հավաքների կազմակերպման և իրականացման ընթացքում հնարավոր հանցավոր դրսևորումներին համարժեք քրեաիրավական գնահատականներ տալուն, արձանագրում է, որ գործընթացի մեկնարկից՝ 2021թ. օգոստոսի 25-ից հետո ընկած ժամանակահատվածում եռամսյա հավաքներն ընթանում են պատշաճ մակարդակով, զորակոչվող քաղաքացիները պատշաճ կերպով ներկայանում են զինվորական ծառայության վայրեր, նրանց կողմից դրսևորվում է բարձր պատասխանատվություն և քաղաքացիական գիտակցություն, իսկ զինվորական ծառայության դեմ հանցավոր վարքագծի՝ լայն մտահոգության տեղիք տվող միտումներ չեն արձանագրվել:

 

Այս ընթացքում ստացվել են եռամսյա հավաքների մասնակից պահեստազորային ընդամենը 6 անձի կողմից առերևույթ ծառայողական պարտականությունների չկատարման հետ կապված  խախտումների մասին տվյալներ: Դրանց կապակցությամբ նախապատրաստված նյութերից 2-ով վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացվել են հանցադեպի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումներ, իսկ մեկով ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է մեկ քրեական գործ՝ մեկ անձի վերաբերյալ: Երեք դեպքով նյութերի նախապատրաստումը շարունակվում է:

 

ՀՀ զինվորական դատախազությունը, կանխարգելիչ և իրազեկման նկատառումներից ելնելով, հարկ է համարում տեղեկացնել, որ զորահավաքային զինվորական ծառայությունը, համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի, զինվորական ծառայության տեսակներից է, և զորահավաքի միջոցով տվյալ դեպքում եռամսյա վարժական հավաքների համար զորակոչված անձանց համար սահմանված են նույն իրավունքները, պարտականությունները, ինչպես նաև քրեաիրավական պատասխանատվության միջոցները, որոնք նախատեսված են նաև հիմնական զինվորական ծառայողների համար:

 

Ըստ այդմ՝ զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու, ծառայության չներկայանալու, հավաքի մասնակիցների կողմից զինվորական ծառայությունից կամ դրա առանձին պարտականությունները կատարելուց հրաժարվելու յուրաքանչյուր դեպք արժանանալու է քրեաիրավական գնահատականի:

 

Եռամսյա հավաքների շրջանակներում ՀՀ զինվորական դատախազության դատախազները հանդիպումներ են անցկացնում զորակոչված բոլոր պահեստազորայինների հետ՝ նրանց մանրամասն իրազեկելով իրենց կարգավիճակից բխող իրավունքների և պարտականությունների, հնարավոր հանցավոր բնույթի վարքագծի, դրանց քրեաիրավական հետևանքների մասին, պատասխանում նրանց հետաքրքրող հարցերին:   

Ձեզ կեհաքրքրի...