Մի շարք այլ համայնքապետեր ակներեւ աջակցել էին ընդդիմադիր ուժերի, եւ դա եւս դիտվում էր խնդիր․ Հակոբ Բադալյանը՝ Հայկ Մարությանի՝ ՔՊ-ին չաջակցելու մասին

qaxaqapet

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Վարչապետի Գլխավոր խորհրդականն Արայիկ Հարությունյանն ասում է, որ Հայկ Մարությանն ակներեւ չաջակցեց ՔՊ թիմին եւ դա խնդիր է: Մի շարք այլ համայնքապետեր ակներեւ աջակցել էին ընդդիմադիր ուժերի, եւ դա եւս դիտվում էր խնդիր: Համենայն դեպս, հակառակ դեպքում խնդիր է, երբ Վարչապետի աշխատակազմի ղեկավարը ընտրությունից հետո գրառում է անում եւ այդ համայնքապետերի հարց ձեւակերպում: Հիմա, հարց է առաջանում, երբ համայնքապետերը համապետական ընտրության մասնակից որեւէ ուժի ԱԿՆԵՐԵՒ աջակցում են կամ չեն աջակցում, ո՞ր դեպքում է խնդիր՝ աջակցելու՞, թե՞ չաջակցելու: Եվ կոնկրետ Երեւանի քաղաքապետի դեպքում Հարությունյանը հայտնում է ՔՊ՞ դիրքորոշումը, թե՞ ՔՊ որեւէ խմբի կամ շերտի: 

Եվ ի՞նչ է նշանակում այնպես անենք, որ դրանից չտուժի քաղաքը: Երբ արտահերթ ընտրությանը մոտ 54 տոկոսով իր մեծամասնության կարգավիճակը հաստատած ուժի առանցքային ներկայացուցիչներից մեկը, վարչապետի խորհրդականի կարգավիճակ ունեցող մարդը փաստացի հրախարակավ անվստահություն է հայտնում քաղաքապետին, դա նվազագույնը առաջացնում է «սպասում»՝ որ Հայկ Մարությանը գնացող է: Հետեւաբար, առնվազն առաջանում է հարց՝ ինչպե՞ս են վերաբերելու այդպիսի քաղաքապետին, նրա քայլերին, գործողություններին, այլ կերպ ասած՝ «կաղ բադիկ» պաշտոնյային: Ինչպես հայտնի է, արեւմուտքում այդպես են բնորոշում հեռացող, այլեւս առաջադրվելու հնարավորություն չունեցող նախագահներին:

Կառավարող ուժի ներկայացուցիչը փաստորեն «կաղ բադիկի» կարգավիճակ է տարածում Երեւանի քաղաքապետի վրա, եւ հետաքրքիրն այն է, որ դա տեղի է ունենում ոչ միայն արտահերթ ընտրությունից անմիջապես հետո, այլ նաեւ ինքնակամ կառույցների ապամոնտաժման էս աղմկոտ գործընթացի ֆոնին:

Կարող է՞ աշնանն էլ ունենանք քաղաքապետի արտահերթ ընտրություն: Ինչպես հայտնի է, հերթականը պետք է լիներ 2022 թվականին: Արդյո՞ք կառավարող ուժը համարում է, որ պետք է այդ հարցով զբաղվել այժմ, քանի դեռ «տաք» է արտահերթ ընտրության արդյունքը: Ի վերջո հայտնի է, որ Երեւանի քաղաքապետի ընտրությունը ոչ ֆորմալ իմաստով գրեթե հավասարազոր է համապետական ընտրության, հետեւաբար կառավարող ուժը կարող է մտածել այդ խնդիրը 2022-ին չթողնելու մասին:  Սա իհարկե զուտ դիտարկում է, որը բնականաբար կարող է կապ չունենալ թե բուն հայտարարության, թե ընդհանուր քննարկումների մոտիվների հետ»:

Ձեզ կեհաքրքրի...