ԱՀ զգալի մասը զավթվել է Ադրբեջանի կողմից. Մարսելի քաղաքային խորհրդի կոչը՝ ԼՂ տիրող իրավիճակի վերաբերյալ

Marcel

 Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը հրապարակել է Մարսելի քաղաքային խորհրդի կոչը՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ, որում, մասնավորապես, ասվում է. 
«2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը՝ Թուրքիայի աջակցությամբ, առանձնահատուկ ուժգնության հարձակում սանձազերծեց Արցախի Հանրապետության դեմ, որը հայտնի է Լեռնային Ղարաբաղ անվամբ:
Ադրբեջանի Հանրապետության կողմից օգտագործված զանգվածային ռազմամիջոցները (հրթիռներ, ծանր հրետանի, զինված անօդաչու թռչող սարքեր, հարվածային անօդաչու թռչող սարքեր, մարտական ավիացիա, քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների զանգվածային ռմբակոծություններ, միջազգային իրավունքով արգելված կլաստերային զինամթերքի օգտագործում) ապացուցում են, որ տարածքային անհամաձայնությունից անդին խոսքն այս տարածքից հայ բնակչությանն էթնիկ զտման ենթարկելու իրական փորձի մասին է։
 

2020 թ.-ի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի միջնորդությամբ ստորագրվեց հրադադար, որն ուժի մեջ մտավ նոյեմբերի 10-ին: Արցախի Հանրապետության մի զգալի մասը, որ բնակիչները հարկադրված լքել էին, զավթվել է Ադրբեջանի կողմից: Մարսելի հետ բարեկամության հռչակագիր ստորագրած Մարտակերտ քաղաքը մնում է Արցախի Հանրապետության վերահսկողության տակ: Այնուամենայնիվ, կան ինչպես նյութական, այնպես էլ մարդկային զգալի վնասներ:

Այսպիսով՝ Արցախի Հանրապետության բնակիչների անվտանգությունն ապահովված չէ: Այս իրավիճակից ելնելով՝ Սարսել քաղաքը միաձայն.

– Հաստատում է հակամարտության վերջնական կարգավորման հասնելու հրատապ անհրաժեշտությունը, որը կերաշխավորի խաղաղ բնակչության կայուն անվտանգությունը:

– Հաստատում է Արցախի Հանրապետությունը լքած խաղաղ բնակչության՝ իրենց բնակավայրեր անվտանգ հետ վերադառնալու բացարձակ անհրաժեշտությունը:

– Կոչ է անում միջազգային հարթակում Եվրոպական միության և ՄԱԿ-ի ներգրավվածությամբ, Մինսկի խմբի օրինակով, միջոցներ իրականացնել, որպեսզի ընհանուր համաձայնեցված լուծում գտնվի, որը թույլ կտա հայերի կայուն և անվտանգ հաստատումը Արցախի Հանրապետության ողջ տարածքում:

– Ճանաչում է Արցախի Հանրապետության հայերի ինքնորոշման իրավունքը` որպես նրանց անվտանգության երաշխիքի միակ հնարավորություն:

– Կոչ է անում Ֆրանսիայի կառավարությանը ճանաչել Արցախի Հանրապետությունը և դիվանագիտական հարաբերություններ հաստատել վերջինիս իշխանությունների հետ՝ հակամարտության վերջնական կարգավորմանը հասնելու նպատակով:

– 5000 եվրոյի չափով օժանդակություն է տրամադրում Ֆրանսիայի համահայկական հիմնադրամին` հակամարտությունից տուժած բնակչությանն օգնություն ցուցաբերելու համար»:

Ձեզ կեհաքրքրի...