Հայ սամբիստները 5 մեդալ են նվաճել Աշխարհի գավաթի խաղարկությունում
Դեկտեմբերի 18-19-ը Մոսկվայում կայացել է սամբոյի Ա․ Խառլամպիևի հուշամրցաշարը, որն Աշխարհի գավաթի խաղարկության փուլերից մեկն է։ Մրցաշարին մասնակցել է 130 մարզիկ՝ 14 երկրից։ Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են 5 մեդալ։
Աշխարհի, Եվրոպայի և Եվրոպական խաղերի չեմպիոն Տիգրան Կիրակոսյանը, որը հիմնականում հանդես է գալիս 52 կգ քաշային կարգում, մրցումային առաջին օրը մարզական սամբոյի մինչև 57 կգ քաշային կարգում դարձել է արծաթե մեդալակիր։ Եզրափակչում Կիրակոսյանը զիջել է Ռուսաստանի ներկայացուցիչ Սայան Խերտեկին։
Մրցումային երկրորդ օրը մարտական սամբոյի 68 կգ քաշային կարգում Հայաստանի հավաքականի երկրորդ արծաթե մեդալը նվաճել է Սամվել Բադալյանը։ Մարզական սամբոյի մրցումներում բրոնզե մեդալներ են նվաճել Արամ Աղաջանյանը (62 կգ) և Վահագն Չալյանը (90 կգ), իսկ կանանց 56 կգ քաշային կարգում բրոնզե մեդալակիր է դարձել Վարսիկ Գրիգորյանը։
1lurer.am