ՌԴ-ն չի կարող գտնել բոլորին բավարարող հիմք, ամեն ինչ կորոշվի ռազմաճակատում․ քաղաքագետ

New Armenia.am-ի հետ զրուցել է քաղաքագետ Հայկ Սուքիասյանը։

-Ռուսաստանի Դաշնության նախագահն ասել է, որ ՌԴ-ն անում է ամեն ինչ՝ ԼՂ հակամարտությունը հնարավորինս շուտ ավարտելու և կողմերին բանակցային սեղանի շուրջ նստեցնելու համար։ Ինչ եք կարծում, Ռուսաստանին մոտ օրերս կհաջողվի՞ հակամարտության կողմերին բանակցության սեղանի շուրջ նստեցնել։

 -Չեմ կարծում։ Նմանատիպ հայտարարություններ արել են Մինսկի խմբի համանախագահ մյուս գերտերությունները։ Արդեն քառասուն օր է՝ սաստիկ ձևով ընթանում է պատերազմ, ընդ որում, պատերազմի ամենաայլանդակ շրջանը եղել է առաջին մի քանի օրը, երբ հայ ժողովուրդը դիմեց աշխարհին, որ թուրք նախամարդը սպանդ է կազմակերպել Արցախում, բայց որևէ հատուկ հայտարարություն չեղավ։ Երեք անգամ փորձեցին կանգնեցնել պատերազմը, որն արդյունք չունեցավ։ ՌԴ նախագահը առաջին անգամ, երբ ելույթ ունեցավ, պահեց Ռուսաստանի ավանդական բալանսի քաղաքականությունը, որ՝ իհարկե եղել են Սումգայիթի ջարդեր, բայց կա նաև Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարց, այսինքն՝ հերթական անգամ սրեց կոնֆլիկտը։ Հետևաբար, դրանք հերթապահ խոսքեր են, և ամեն բան որոշվելու է ռազմաճակատում։

—Պարո՛ն Սուքիասյան, այսինքն՝ կարծում եք, եթե համանախագահող երկրները հստակ ու լուրջ քայլերի դիմեին, կհաջողվե՞ր հրադադար հաստատել։

-Եթե ուզենային՝ կարող էին հաստատել, որովհետև այդ համանախագահող երեք երկրները միջուկային գերտերություններ են, իսկ այդ երկրների հետ խաղ չեն անում, դա հաստատ, եթե ուզենային նաև Էրդողանին կպատժեին, բայց մենք տեսնում ենք, որ դա չի լինում։

—Եթե, ինչպես Դուք եք նշում, ցանկություն չկա, ապա, ըստ Ձեզ ինչո՞ւ չկա այդ ցանկությունը, և Թուրքիայի ակտիվացումը Հարավային Կովկասում սպառնալիք չէ՞ այդ երկրների՝ հատկապես Ռուսաստանի համար։

-Եթե առանձին դիտարկենք, ապա Ֆրանսիայի և Ամերիկայի համար, հավանաբար, այդքան էլ հետաքրքիր չէ այստեղի բնակչության ճակատագիրը, և մտածում են, թե իրենց հարցն է, թող իրենք էլ լուծեն։ Ռուսաստանը, կրկնեմ, բալանսի քաղաքականություն է վարում, որը դաշնակցին ընդհանրապես վայել վարքագիծ չէ, որովհետև, եթե բալանսի քաղաքականություն եք վարում ձեր դաշնակցի և նրա թշնամու միջև՝ նշանակում է, քո դաշնակցի թշնամու կողմից ես։ Թուրքիայի մասով՝ ընդգծեմ, եթե մի քիչ էլ ակտիվանա՝ Թուրքիային չափավորելու են։ Գերտերությունները, հավանաբար, սա դեռ դիտում են լոկալ կոնֆլիկտ, բայց Էրդողանը՝ իր օսմանի երազով, աշխարհակարգը խառնելու մտադրություն ունի, բայց, վստահ եղեք, որ նրան չափավորելու են։ Մի քիչ էլ կակտիվանա, ու նրան կզսպեն՝ ինչպես արել են Գերմանիայի հետ։ Այնպես որ, բանակն իր գործը պետք է անի, դրանից հետո մենք կտեսնենք՝ իրադարձություները ոնց են փոխվելու։

-Կարո՞ղ ենք արձանագրել, որ ռազմաճակատում կողմերից մեկի հաջողությունից է կախված գերտերությունների արձագանքը։

-Առաջին հերթին այո՛, բայց նաև կախված է Թուրքիայի վարքագծից։ Նա այսօր հայտ է ներկայացրել աշխարհակարգը խառնելու՝ իր իսլամախառն պանթուրքիզմով, ուզում է վերադառնալ առաջին աշխարհի երկրների շարք, ուզում է գերտերությունների սեղանին տեղավորվել, բայց հնարավոր չէ, որ Թուրքիային թողնեն տեղավորվի այդ սեղանին։ Կախված է նաև նրանից, թե որքան վնաս կտա Թուրքիան Ռուսաստանին, իսկ որ տալու է՝ հաստատ։

-Ձեզ ճի՞շտ  եմ հասկանում, որ այս պատերազմում գերտերությունները իրենց համար կարմիր գիծ են սահմանել, և երբ Թուրքիան հատի այն, նոր կդիմեն գործուն քայլերի։

-Այո՛, հենց այդպես էլ լինելու է։ Գիտեք, միջուկային երկրները իրար հետ ուղիղ չեն բախվում, իրենց հարցերը լուծում են ինչ-որ տարածաշրջաններում, օրինակ՝ Ռուսաստանը և Ամերիկան իրար հետ ուղիղ չեն բախվել, բախվել են Ուկրաինայում։ Հիմա օսմանի երազով աշխարհ եկած Էրդողանը փորձում է տարածաշրջանում իր ակտիվությունը ցուցաբերել։ Շատ դժվար գործընթացներ են, բայց մեզ համար շատ վտանգավոր չէ։ Մեզ համար առաջնային վտանգն անցել է, բանակը կանգնեցրել է բլից կրիգով Արցախը գրավելու Թուրքիայի քաղաքականությունը։ Հիմա մեր բանակը նրանց քաշել է լեռների մեջ, և այստեղ ադրբեջանաթուրքական զորքերի համար անանցանելի է, մեր բանակը պետք է մաշի, հյուծի դրանց բանակը։ Մենք կկռվենք՝ մնացածը կերևա հետո։

-Վլադիմիր Պուտինը  հույս է հայտնել, որ իրենց կհաջողվի արդյունքի հասնել «այնպիսի  հիմքի վրա, որը կբավարարի տարածաշրջանում ապրող բոլոր մարդկանց»։ Ուշագրավ է, որ նա չի նշել հակամարտության կողմերը, այլ՝ տարածաշրջանի մարդկանց։ Կարո՞ղ ենք սա լայն իմաստով հասկանալ, տարածաշրջանի երկրների մակարդակով։

 -Չեմ կարող ասել, բայց կարծում եմ, որ չեն կարողանալու գտնել նման հիմք, որովհետև, եթե գտնող էին՝ 30 տարվա մեջ թող գտնեին։ Լուծումը ռազմաճակատում է, և մեր բանակը շատ լավ կռվում է։ Բանակին առողջություն պետք է մաղթենք, լինենք նրա հետ, քաղաքական ղեկավարությունը լավ է աշխատում, մնացածը պարզ կլինի ընթացքում։ Ռուսները ունեն Հյուսիսային Կովկասի խնդիր։ Ռուսաստանի բնակչության  30%- ը իսլամ է, նրանք պետք է իմանան, որ իսլամը չի ձուլվում, իրենք ունեն Ղրիմի  թաթարների խնդիր, հետևաբար թող մտածեն իրենց առողջության մասին, մենք մեր առողջության մասին մտածել ենք։ Վստահեցնում եմ, մեր բանակը մի քիչ էլ կկռվի, Էրդողանը մի քիչ էլ համը կհանի, կսկսի ակտիվացնել Ռուսաստանի փափուկ որովայնը՝ Հյուսիսային Կովկասը, հետո ռուսները, ուզեն-չուզեն, ստիպված կգան մեզ դաշնակից, և այստեղ մեր բանակը շատ ավելի մեծ նվաճումներ է ունենալու:

Քրիստինե Աղաբեկյան

 

Ձեզ կեհաքրքրի...