Ադրբեջանը չի գնում իրավիճակի դեէսկալացիայի և լարվածության թուլացման

deeskalacia

Հայաստանի պետական սահմանի տավուշյան ուղղությամբ հուլիսին Ադրբեջանի նախաձեռնած էսկալացիան զգալի հարված հասցրեց Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վրա` վտանգելով նաև վերջին երկու տարում արձանագրված փոքր, սակայն որոշակի արդյունքները` հրադադարի ռեժիմի պահպանում, օպերատիվ կապ, մասնագիտական խմբերի շփումների նախաձեռնություն և այլն:  Հուլիսի 12-ից մինչև 21-ը որոշակի ընդհատումներով շարունակվող ռազմական գործողությունները շեշտակի մեծացրեցին կողմերի միջև առկա լարվածությունը` լուրջ խոչընդոտներ ստեղծելով նաև բանակցային գործընթացի վերականգնման տեսանկյունից: Հատկանշական է, որ անգամ ռազմական գործողությունների դադարեցումը դժվարությամբ հաջողվեց: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերով կողմերի միջև հուլիսի 12-ից ի վեր ձեռք էր բերվել կրակի դադարեցման 3 պայմանավորվածություն, որոնք ադրբեջանական կողմը խախտում էր` կրելով նորանոր կորուստներ: 

Թեև հուլիսի 23-ից ռազմական գործողությունները դադարեցվեցին, սակայն մինչ օրս իրավիճակի լիարժեք դեէսկալացիայի մասին հնարավոր չէ խոսել:  Հատկանշական է, որ անգամ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հուլիսի 24-ին արված համատեղ հայտարարության մեջ հստակ ընդգծել են կողմերի այնպիսի քայլերի կարևորությունը, որոնք հնարավորություն են տալիս կենտրոնանալ լարվածության թուլացման վրա` ողջունելով նաև տարբեր կառույցների և երկրների կողմից դեէսկալացիայի կոչերը: Չնայած համանախագահների հորդորին` Ադրբեջանը մինչ օրս չի ձեռնարկում լարվածության թուլացմանն ուղղված որևէ քայլ, այլ հակառակը` շարունակում է իր սադրիչ գործելաոճը: Ռազմական գործողությունների դադարից շատ չանցած Տավուշի ուղղությամբ ադրբեջական կողմի դիպուկահարի կրակոցից զոհվել է ՀՀ ԶՈւ մեկ պայմանագրային զինծառայող (հուլիսի 27), ևս մեկը վիրավորվել է հուլիսի 29-ին: 

Բացի այդ, Ադրբեջանը և Թուրքիան նախաձեռնեցին լայնամասշտաբ զորավարժություններ` հուլիսի 29-ից օգոստոսի 13-ը Բաքվում, Նախիջևանում, Քյուրդամիրում, Գյանջայում և Եվլախում անցկացվեցին Թուրքիայի և Ադրբեջանի ՌՕՈւ համատեղ վարժանքներ, իսկ օգոստոսի 1-5-ը Նախիջևանում և Բաքվում՝ համատեղ ցամաքային վարժանքներ: Այս զորավարժությունները նույնպես մեծացրեցին լարվածությունը տարածաշրջանում և հատկանշական է, որ դրանք տևեցին ավելի երկար, քան հայտարարվել էր մեկնարկից առաջ:

Իրավիճակի դեէսկալացիային խոչընդոտող մեկ այլ գործոն է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ռազմատենչ և հակահայկական հռետորաբանությունը: Հատկանշական է, որ վերջին շրջանում Բաքվի ագրեսիվ հռետորաբանության շրջանակներում առավել հաճախ է հիշատակվում նաև թուրքական գործոնը: Օրինակ, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը թուրք-ադրբեջանական զորավարժությունների մասնակիցների հետ օրերս տեղի ունեցած հանդիպման ժամանակ գովաբանելով Թուրքիայի ԶՈւ-ին` հայտարարել է, որ «Ադրբեջանը թուրքական բանակի աջակցությամբ կկատարի իր սրբազան պարտքը»:

Վերջին օրերին լարվածության աճի մեկ այլ պատճառ դարձավ եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով Ադրբեջանում հայտնված Գուրգեն Ալավերդյանի հետ կապված զարգացումները: Ադրբեջանական կողմը նախ հայտարարությունն տարածեց, թե իբր «ՀՀ զինված ուժերի դիվերսիոն-հետախուզական խումբը Գերանբոյի շրջանի ուղղությամբ փորձել է սադրանք իրականացնել, սակայն կորուստներ կրելով, նահանջել է», իսկ Գուրգեն Ալավերդյանին ներկայացրեց որպես դիվերսիոն խմբի ղեկավար, ում գերավարել են: Ադրբեջանական կողմը տարածեց նաև քարոզչական տեսանյութեր հայ սպայի մասնակցությամբ, որոնք պարունակում էին վերջինիս պատիվը և արժանապատվությունը նվաստացնող դրվագներ, և հանդիսանում են Ադրբեջանի կողմից ոչ միայն  Ժնևյան կոնվենցիայի, այլ մարդու իրավունքների  միջազգային հիմնարար փաստաթղթերի խախտման վառ դրսևորումներ:

Այսպիսով Հայաստանի պետական սահմանին ադրբեջանական էսկալացիայի ձախողումից հետո Բաքուն շարունակում է պահպանել լարվածությունը: Չնայած միջնորդների կոչերին` ադրբեջանական կողմը իրավիճակի դեէսկալացիային ուղղված քայլեր չի նախաձեռնում, ավելին` տարաբնույթ գործողություններով շարունակում է սադրել հայկական կողմին: Նման իրավիճակը ոչ միայն բարդացնում է բանակցային գործընթացի վերականգնումը, այլ նաև պարունակում է նոր էսկալացիայի ռիսկեր:

Նարեկ Մինասյան

Ձեզ կեհաքրքրի...