Ընտրակաշառքի գործով նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանը կմնա կալանավորված. դատարանը մերժել է պաշտպանի բողոքը
ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, Ազգային անվտանգության ծառայությունում քննվող ընտրակաշառքի գործով մեղադրյալ Վանիկ Ասատրյանը կմնա կալանավորված:
Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Վազգեն Ռշտունու նախագահությամբ, երեկ վերադառնալով խորհրդակցական սենյակից, հրապարակել է այս որոշումը՝ այդպիսով մերժելով Ասատրյանի պաշտպանի բողոքը՝ կալանավորման որոշման դեմ:
Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեցին դատավորի աշխատակազմից:
Հիշեցնենք՝ Վանիկ Ասատրյանը մեղադրվում է ընտրողին անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք տալու համար՝ ՀՀ ՔՕ-ի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով, եւ առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Նա կալանավորված է հուլիսի 7-ից:
Նույն քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը, ԲՀԿ-ի կողմից 2017 թվականին Գեղարքունիքի մարզում պատգամավորի թեկնածու առաջադրված Վազգեն Պողոսյանը: Նրանցից ոչ ոք այս պահին անազատության մեջ չէ:
armtimes.com