Առանց մաքսավճարի և քաշքշուկների, շատ արագ հայրենադարձն իր հետ Հայաստան է բերում անձնական ապրանքները

Aranc maqsavchari

Հայրենադարձությունը խթանող օրենքի նախագիծը կարճ ժամանակում արդեն լավ արդյունքներ է ցույց տվել. Հայաստան մշտական բնակության տեղափոխվող 30 քաղաքացի արդեն ստացել է անձնական օգտագործման ապրանքներն առանց մաքսային վճարների ներմուծելու հնարավորություն: Ընդ որում պարզեցվել  են նաև ընթացակարգերը,  հայրենադարձն իր արտոնությունն ու ապրանքները ստանում է շատ արագ՝ երբեմն ընդամենը միայն մաքսային մարմին այցելելով: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ապավեն» մաքսատանը ՊԵԿ մաքսային հսկողության վարչության ոչ սակագնային կարգավորման և մաքսային ընթացակարգերի համակարգման բաժնի պետ Վաղինակ Ջանինյանը նշեց. «Վերջին փոփոխությունները շատ դյուրացրել են մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձանց արտոնության տրամադրման հարցը: Արդեն շուրջ երեսուն քաղաքացու ՊԵԿ-ի կողմից տրվել է արտոնությունը, այս պահին քննարկման փուլում են հինգ քաղաքացու դիմումներ, որոնք հույս ունեմ, որ կբավարարվեն»:

Ընթացակարգերը պարզ են. քաղաքացին ՀՀ ժամանելուց, իր իրերը ներմուծելուց հետո դիմում է Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն՝ ստանալու համապատասխան փաստաթուղթը, որն իրեն ճանաչում է ՀՀ մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձ: Կամ, եթե չի դիմում անձնագրային և վիզաների վարչություն, դիմում է ՊԵԿ, ՊԵԿ-ը քաղաքացու փոխարեն հարցում է ուղարկում այդ վարչություն, այնտեղից համապատասխան փասատթուղթը ստանալուց հետո մաքսայինին մնում է քաղաքացուց միայն խնդրել, որ ներկայացնի օտարերկրյա պետությունում բնակության փաստաթուղթը, ինչպես նաև Հայաստանում մշտական բնակության իրավունքը: «Ընթացակարգը վերջին կարգավորումներից հետո շատ պարզ է, նախկինում քաղաքացիները բողոքում էին, որ ընթացակարգը խճճված է, իրենց համար ոչ հասկանալի, այժմ նմանատիպ խնդիր չկա»,-վստահեցրեց Ջանինյանը:

ՊԵԿ-ի կողմից արդեն իսկ պատրաստ է և կայքում առկա է տեսաուղեցույց, որը մանրամասն ներկայացնում է, թե ինչ ընթացակարգերով պետք է անցնի քաղաքացին: Այս պահին ՊԵԿ ստորաբաժանումն աշխատում է ուղեցույցի վրա, որը տրամադրվելու է ԱԳՆ-ին և Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակին, ՀՀ դեսպանատներին՝ օտարերկրյա պետություններում հայերին ներկայացնելու նպատակով:

Ձեզ կեհաքրքրի...