Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարարը ձերբակալվել է 12 զոհի մասին հայտարարության պատճառով
Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունն այսօր ձերբակալել է Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարար Ռահիմ Ղազիևին (1992-1993թթ):
Պետանվտանգության ծառայության տարածած հաղորդագրության համաձայն` Ռ. Ղազիևիը «սոցիալական ցանցերում նպատակաուղղված տարածել է սադրիչ տեղեկություններ, որոնք իրականությանը չեն համապատասխանել, քաղաքացիներին անկարգությունների և պետական մարմինները գրավելու կոչ է արել»:
Ռահիմ Ղազիևին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 281-րդ (պետության դեմ կոչեր) և 282-րդ հոդվածներով (սադրանք):
Ռ. Ղազիևի ձերբակալության իրական պատճառը, թերևս, նրա կողմից արված հայտարարությունն է այն մասին, որ ադրբեջանական կողմն արդեն ունի 12 զոհ: Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանի ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկած սադրիչ ռազմական գործողությունների ձախողումն Ադրբեջանի իշխանությունների համար ստեղծել է բարդ իրավիճակ: Այժմ ադրբեջանական կողմը փորձում է ամեն կերպ թաքցնել իր իրական կորուստները, և Ղազիևի ձերբակալությունը նման նպատակ է հետապնդում: