Հայերեն կրկնօրինակումը կամ հայերեն լուսագրերի տեղադրումը չի վերաբերում օտարերկրյա հեռուստածրագրերին
Տեղեկատվության ստուգման կենտրոնից հաղորդում են, որ հունիսի 28-ին ռուսական «Կոմերսանտ» պարբերականը, անդրադառնալով «Տեսալսողական մեդիայի մասին օրենքի» նոր նախագծին, նշել էր, որ եթե նախագիծը վերջնականապես ընդունվի, ապա ռուսական հեռուստաալիքների բովանդակությունը պետք է կրկնօրինակվի հայերենով կամ ուղեկցվի հայերեն լուսագրերով։
«Տեղեկատվության ստուգման կենտրոնի» հարցին ի պատասխան՝ օրինագծի համահեղինակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը հայտնեց, որ բովանդակության հայերեն կրկնօրինակումը կամ հայերեն լուսագրերի տեղադրումը չի վերաբերում օտարերկրյա հեռուստածրագրերին։
«Սույն օրենքի նախագիծը օտարերկրյա հեռուստածրագրերը ո՛չ հանրային մուլտիպլեքսում, ո՛չ մասնավոր և ո՛չ էլ ցանցային օպերտաորների կողմից վերահեռարձակման պարագայում չի նախատեսում կրկնօրինակել կոնտենտը հայերենով կամ տեղադրել հայերեն լուսագրեր»,- նշեց Վահագն Թևոսյանը։
Հիշյալ պահանջը վերաբերում է Հայաստանի Հանրապետությունում գործող տեղական հեռարձակողներին, որոնք պարտավորվում են իրենց ծրագրերում օտարալեզու հաղորդումներ ներառելու պարագայում կրկնօրինակել դրանք կամ տեղադրել լուսագրեր։
Վահագն Թևոսյանը հավելեց նաև, որ օրենքի նախագծում կատարվել է փոփոխություն, որպեսզի նշված հատվածը տարընթերցումների տեղիք այլևս չտա։