«Միշիկնյուզ»-ի արբանյակներից մեկը փորձում է հերթական վորոնեժյան իր ակցիան կատարել եւ իր խոհանոցային էպոպեայի մի դրվագ ավելացնել

Mishik news

«Միշիկնյուզ»-ի արբանյակներից մեկը փորձում է հերթական վորոնեժյան իր ակցիան կատարել եւ իր խոհանոցային էպոպեայի մի դրվագ ավելացնել։

Այս մասին այսօր  Տեսալսողական մեդիայի եւ «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախգծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը, որը նաեւ նախագծերի հարակից զեկուցողն է։ Իր ելույթից առաջ նույն խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը հայտնեց, որ լրատվամիջոցներից մեկում հայտնվել է մի նյութ, որի վերնագիրն է՝ «Ազգային ժողովում այս պահին քննարկվում է ռուսական հեռուստաալիքների դեմ օրենքի նախագիծը»։ Այնուհետեւ Հայրապետյանը շեշտեց, որ կես ժամ ժամանակ է տալիս այդ լրատվամիջոցի շեֆերին՝ վերնագիրը փոխելու, կամ՝ նյութը հեռացնելու համար։

Հովհաննիսյանը, իր ելույթում նույնպես անդրադառնալով այս նյութին, ասաց, որ նմանատիպ քայլերը սեպ խրելու փորձեր են միջպետական հարաբերությունների մեջ մեր ռազմավարական գործընկերոջ հետ։ Նրա պնդմամբ, սակայն, միեւնույն է՝ ինչքան էլ փորձեր անեն դրսից փնտրել իրենց հովանավորներին եւ աջակիցներին, չի ստացվելու։ Սրա պատճառը նաեւ այն է, որ իշխանությունը թե՛ արտաքին հարաբերության, թե՛ ներքին հարաբերության ասպարեզում ազնիվ է իր գործընկերների հետ, եւ ամեն ինչ անում է բաց եւ հրապարակային։ Մինչդեռ, պատգամավորի համոզմամբ, նրանք չեն անում բաց եւ հրապարակային, երբ «քեշ» փողով, ծրարներով փող են ստանում ու «քեշ» փողով բաժանում իրենց լրագրողներին, ցույց չեն տալիս իրենց հայտարարագրերում, եկամտահարկերում, դրանով, նույնպես, վնասելով պետությանը։

«Մենք խոսում ենք պատասխանատու մամուլի մասին այն ժամանակ, երբ չեն լինի «քեշ» փողով աշխատավարձեր, կլինեն գրանցված աշխատավարձեր, կլինի հայտարարագրված եկամուտ եւ կլինեն հստակ խաղի կանոններ։ Այդ ժամանակ մենք կարող ենք ասել՝ եւս մեկ քայլ առաջ ենք գնացել»,- ասաց Հովհաննիսյանը։

Հիմնական զեկուցող, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թեւոսյանը եւս անդրադարձավ այս նյութին։ Նա ասաց, որ քիչ առաջ կարդաց այդ հոդվածը եւ նույնիսկ երկմտում է՝ դա դավաճանակա՞ն քայլ է, թե՝ պարզ անգրագիտություն, որովհետեւ իր համար անհասկանալի է, թե ինչպես է հնարավոր այդ ամբողջ խոսակցությունից նման բան «հանել»։ Թեւոսյանն ասաց նաեւ, որ պատրաստ է խոսել այդ նյութի լրագրողի հետ, եւ եթե նա չի հասկացել նախագիծը, կփորձի բացատրել։ Միենույն ժամանակ նա նշեց՝ լավ կլինի, որ անվտանգության ծառայությունները զբաղվեն այս հարցով, որովհետեւ սա արդեն ազգային անվտանգության խնդիր է դառնում։

 

armtimes.com

Ձեզ կեհաքրքրի...