ԱԱԾ-ն արդեն մեղադրանք է առաջադրել ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետին, տեղակալին և ավագ հետաքննիչին. նրանք կասկածվում են քաղաքացուն մի շարք գողություններ կատարելու դրդելու մեջ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քր. օր-ի 309 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ ոստիկանության Դավիթաշենի բաժամունքի պաշտոնատար անձանց նկատմամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործով մեղադրանք է առաջադրվել ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետ՝ 41-ամյա Մկրտիչ Վարոսյանի, նույն բաժանմունքի պետի տեղակալ՝ 32-ամյա Արայիկ Ղազարյանի և նույն բաժանմունքի ավագ հետաքննիչ՝ 38-ամյա Հակոբ Հակոբյանի նկատմամբ։ Ըստ քրեական գործի նյութերի՝ վերջիններս անցել են պաշտոնական լիազորությունները և դրդել են Էդգար Գ-ին կատարել մի շարք գողություններ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 9-ին, SHAMSHYAN.com-ը տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները այցելել էին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Դավիթաշենի բաժանմունք, որտեղ մի քանի ժամ ոստիկանության ներքին անվտանգության վարչության գործընկերների հետ քննչական գործողություններ էին կատարել, ինչի արդյունքում ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքից թույլ չէին տվել դուրս գային բաժանմունքի պետը, բաժանմունքի պետի տեղակալը, քրեական հետախուզության խմբի օպերլիազորը: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, ԱԱԾ-ի և ոստիկանության ներքին անվտանգության վարչության ծառայողների ուղեկցությամբ ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետ, ոստիկանության մայոր Մկրտիչ Վարոսյանը, պետի տեղակալը, օպերլիազորն, ինչպես նաև հետաքննիչը տեղափոխվել էին Ազգային անվտանգության ծառայություն: Նախաքննության շահերից ելնելով՝ չէինք հրապարակել, թե հարուցված քրեական որ գործի շրջանակում էին վաղ առավոտյան իրավապահներն այցելել ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք: