75 կոնգրեսականներ նամակ են հղել՝ Արցախին ու Հայաստանին օգնելու խնդրանքով
ԱՄՆ-ի 23 նահանգները ներկայացնող Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 75 կոնգրեսականներ նամակով դիմել են արտասահմանյան երկրներում տարբեր գործառույթների ու ծրագրերի իրականացման նպատակով գումարի հատկացումներով զբաղվող հանձնաժողովի ղեկավարին, որում հայտնում են Հայաստանին ու Արցախին ֆինանսական օժանդակության անհրաժեշտության մասին:
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի մամուլի քարտուղարությունից հայտնել են, որ հրապարակված բաց նամակում կոնգրեսականները դիմել են 1.5 միլիոն դոլար հատկացնելու խնդրանքով՝ Արցախի տարածքն ականազերծելու, ինչպես նաև Հայաստանին 100 միլիոն դոլար տրամադրելու՝ երկրի տնտեսությունը, կառավարման համակարգն ու արդարադատությունը զարգացնելու նպատակով:
Ամերիկացի կոնգրեսականները նաև դիմել են Արցախի պաշտոնատար անձանց հետ շփումների, հարաբերությունների ու ճանապարհորդությունների՝ պաշտոնապես կամ ոչ պաշտոնապես սահմանափակումները կասեցնելու խնդրանքով: Նամակում ասվում է, որ անհրաժեշտ է դադարեցնել Ադրբեջանի ռազմական աջակցությունն այնքան ժամանակ, քանի դեռ հաստատում չկա, որ Ադրբեջանը դադարեցրել է Հայաստանի ու Արցախի դեմ բոլոր հարձակումները: