Գրիչի պատմության մեջ ոչ մի քաղաքական բովանդակություն չկա. Գագիկ Ծառուկյան
Գրիչի պատմության մեջ ոչ մի քաղաքական բովանդակություն չկա, դրա համար ես հարկ էլ չեմ համարում դա մեկնաբանել: Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյան-Հրայր Թովմասյանի հեռակա բանավեճին:
Դիտարկմանը, որ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի եւ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի բանավեճը թեւակոխել է արդեն անձնական տիրույթ, Ծառուկյանն ասաց. «Ես կցանկանամ քաղաքական բոլոր գործիչներին խորհուրդ տալ՝ երբեք ու երբեք անձնականը չխառնեն քաղաքականության մեջ»:
Ինչ վերաբերում է նրան, որ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներից մեկը մանդատը վայր դրեց Հրայր Թովմասյանի դստեր նկատմամբ ատելություն տարածելու համար, ԲՀԿ առաջնորդն ընդգծեց. «Ամիսներ առաջ ես նույնը ասել եմ, երբ հարցաքննության էին կանչել Հրայր Թովմասյանի աղջիկներին: Ես ասացի, որ պետք չի քաղաքականությունը մտնի ընտանիք. Ընտանիքը սրբություն է, որեւէ մեկը չպետք է իրեն թույլ տա մտնել ընտանիք»:
Նշենք, որ Կապանում կայացած մեծ ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել իրեն, ինչը մերժվել է: ՍԴ նախագահը հերքել էր դա, որից հետո վարչապետը որպես քծնանքի փաստ ներկայացրել էչ Հրայր Թովմասյանի իրեն նվիրած գրիչը: