Պետական գույքի՝ շուկայականից եռակի ցածր գնով օտարման փաստով քրգործ է հարուցվել. Դատախազություն
Պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ պետական գույքն օտարվել է շուկայական արժեքից երեք անգամ ցածր գնով, հարուցվել է քրեական գործ, հաղորդում է Գլխավոր դատախազությունը։
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում Պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված փաստաթղթերի հիման վրա ուսումնասիրվել է պետական սեփականություն հանդիսացած՝ Երևանի Կարապետ Ուլնեցու փողոցի 68 շենքի թիվ 1 հասցեում գտնվող 70 քմ մակերեսով նկուղի և 20.4 քմ մակերեսով հողամասի օտարման գործընթացի օրինականությունը:
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության նախաձեռնությամբ ՍՊ ընկերության կողմից 2017թ. մարտի 24-ին կազմված եզրակացությամբ Պետական գույքի կառավարման վարչության կողմից ներկայացված, պետությանը սեփականության իրավունքով պատկանող նշված գույքի շուկայական արժեքը գնահատվել է 10.3 միլիոն դրամ: «Պարզվել է, սակայն, որ եզրակացությունը կազմվել է «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի պահանջների անտեսմամբ: Մասնավորապես, եզրակացության այն հատվածները, որոնց բովանդակությունը վերաբերում է այդ պահի դրությամբ նշված գույքի հավանական շուկայական արժեքի մասին հետևություններին, չեն ստորագրվել գնահատողի կողմից, իսկ եզրակացությունը չի հաստատվել ՍՊԸ-ի գործադիր մարմնի ղեկավարի ստորագրությամբ: Չնայած այդ հանգամանքին՝ ՀՀ կառավարությունը 2017թ. ապրիլի 20-ի որոշմամբ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը թույլատրվել է նշված հասցեում գտնվող գույքը օտարել մրցույթով՝ հիմք ընդունելով եզրակացությամբ արտացոլված շուկայական արժեքը: 2017թ. հունիսի 30-ին կայացած մրցույթի արդյունքներով գույքն օտարվել է մոտ 6 մլն ՀՀ դրամով: Մինչդեռ «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ի կողմից 2019թ. դեկտեմբերի 6-ին տրամադրված վերլուծությամբ պարզվել է, որ այդ գույքի հավանական շուկայական արժեքը 2017թ. դրությամբ կարող էր կազմել շուրջ 19 մլն ՀՀ դրամ կամ ՍՊԸ-ի կողմից գնահատված արժեքից գրեթե երկու անգամ ավելի», – ասված է Դատախազության հաղորդագրությունում։
«Այսպիսով, արձանագրված փաստերը վկայում են, որ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պատասխանատու պաշտոնատար անձինք առերևույթ իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ: Մասնավորապես, անհիմն եզրակացությունը, որով գույքի շուկայական արժեքը գնահատվել է հավանական շուկայական արժեքից գրեթե երկու անգամ պակաս, հիմք է ընդունվել պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից՝ գույքի գնահատված արժեքը սահմանելիս և հետագայում նաև մրցույթով օտարելիս: Արդյունքում այն օտարվել է հավանական շուկայական արժեքից գրեթե 3 անգամ պակաս գնով՝ պետության համար առաջացնելով ծանր հետևանքներ», – շարունակում է Դատախազությունը։
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով` «պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ»: Գործն ուղարկվել է Քննչական կոմիտե՝ նախաքննության կատարելու հանձնարարությամբ: