Սերժ Սարգսյանն ու Սերգո Կարապետյանը առերես հարցաքննվել են
ՀԺ-ի տեղեկություններով՝ մոտ կես միլիարդ ՀՀ դրամի հափշտակություն կազմակերպելու համար մեղադրվող Սերժ Սարգսյանն ու գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը Հատուկ քննչական ծառայությունում առերեսվել են: Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը մեր հարցին ի պատասխան՝ միայն ասաց, որ իր պաշտպանյալի մասնակցությամբ առերես հարցաքննություն տեղի ունեցել է, բայց թե ում հետ, չասաց: Նրա խոսքով՝ այդ քննչական գործողությունից րոպեներ հետո է Սարգսյանին մեղադրանք առաջադրվել: Նշենք, որ Սերգո Կարապետյանի հետ առերեսվել է նաեւ նույն գործով մեղադրյալ, «Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանը: ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 216 հոդվածով՝ քննիչը պարտավոր է կատարել առերեսում, եթե էական հակասություններ կան մեղադրյալի եւ մեկ այլ անձի ցուցմունքներում: Ըստ մամուլի հրապարակումների՝ Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք տված անձը Սերգո Կարապետյանն է: Հիշեցնենք՝ դեկտեմբերի 4-ին ՀՔԾ-ն հայտարարեց, որ իրենց վարույթում քննվող դիզվառելիքի վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել վատնման եղանակով առանձնապես խոշոր չափի՝ մոտ կես միլիարդ ՀՀ դրամի հափշտակություն կազմակերպելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Ըստ մեղադրանքի՝ 2013 թվականի հունվարի 24-ի որոշմամբ ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ հողօգտագործողներին 2013 թվականի գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվել է ՀՀ մարզպետարանների և ՀՀ գյուղատնտեսության նախարարության համակարգի կազմակերպությունների կողմից ներկայացված հայտերի հիման վրա հողօգտագործողներին վաճառել 17.041.300 լիտր դիզելային վառելիք: Ծրագրի շրջանակներում մատակարարում իրականացնելու պատրաստակամություն են հայտնել մի շարք, այդ թվում՝ «Մաքսհուր» և «Ֆլեշ» ՍՊ ընկերությունները: