Շուտով կարող է շուկա մուտք գործել հայկական ավիաընկերություն․ Տաթեւիկ Ռեւազյան

Картинки по запросу "tatevik revazyan""

Շուտով կարող է շուկա մուտք գործել հայկական ավիաընկերություն։ Այս մասին այսօր ԱԺ-ում՝ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ, ասաց Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանը։

Նա նշեց, որ ավիաընկերությունն արդեն Ազգային ավիափոխադրող դառնալու իրավունք ստանալու մասին հայտ է ներկայացրել Քաղավիացիայի կոմիտեի քննարկմանը:

«Տեղական փոխադրողի հայտ ներկայացրած ընկերության հետ քննարկվել է այս օրենսդրական նախաձեռնությունը, եւ իրենք ողջունում են շուկայում մրցակցության խթանմանն ուղղված մեր քայլերը, քանի որ այն ստիպելու է իրենց ավելի լավ աշխատել»,- ասաց նա:

Ռեւազյանը նշեց, որ հայտ ներկայացրած ավիաընկերությունն այս պահին չի կարող կանխատեսել ուղեւորահոսքը, բայց տեղեկացրել է, որ իրականացնելու է շաբաթը 41 չվերթ, այսինքն՝ տարվա ընթացքում ունենալու է 388 հազար նստատեղ։ Միաժամանակ տեղեկացրել է, որ կբացի ավելի քան 200 աշխատատեղ մոտակա երեք ամիսների ընթացում։

Քաղավիացիայի կոմիտեի ղեկավարը հայտնեց նաեւ, որ նպատակ ունեն առաջիկայում հանել նաեւ, այսպես ասած, «օդի տուրքը» բոլոր ավիաընկերությունների համար:

«Մեզ ժամանակ է պետք, որ ապացուցենք՝ օդի տուրքը հանելով՝ մենք իրոք խթանում ենք նոր ուղղություններ, եւ իսկապես շուկան զարգանում է: Այս պարագայում մեր պետական բյուջեն չի վնասվում, բայց միաժամանակ հնարավորություն ենք ունենում ապացուցել, որ սա աշխատող տարբերակ է»:

Ռեւազյանը հարցի քննարկման ժամանակ առաջարկեց «ՀՀ պետական տուրքի մասին» օրենքը լրացնել նոր կետով. «Գաղափարն այն է, որ մենք խթանում ենք նոր ուղղություններ, որոնք չեն սպասարկվել վերջին 12 ամիսների ընթացքում: Մեր նպատակն է, որ նոր ուղղություններ սպասարկող ավիաընկերությունները, որոնք պետությունից ստացել են արտոնություն, սեզոնայնությունից ելնելով՝ ժամանակավորապես չփակեն այդ ուղղությունները»:

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ավիաընկերություններից պահանջում է արտոնություն ստանալիս իրականացնել իրենց չվերթները ողջ տարվա ընթացքում:

«Եթե ավիաընկերությունը ցանկանում է մուտք գործել ավիաշուկա ամռանը՝ այն ժամանակ, երբ իր համար առավել արդյունավետ է, եւ փակել այդ ուղղության սպասարկումը ձմեռվա ընթացքում, ապա ինքն արտոնություն չի ստանա»,- ընդգծեց Ռեւազյանը:

Արտոնությունը տրվում է երեք տարի ժամկետով՝ եւս երկու տարի երկարաձգելու հնարավորությամբ․ «Մենք այսպես վերացնում ենք այն ռիսկը, որ մի ընկերությունը կարող է մտնել շուկա, բացել տաս նոր ուղղություններ եւ դառնալ միակ ավիաընկերությունը, որ տվյալ ուղղություններով ստանում է արտոնություն»։

Ձեզ կեհաքրքրի...