«Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ տնօրենի պաշտոնակատարը ձերբակալվել է

Կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնի վարույթ է ընդունվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, կաշառք ստանալու, յուրացում կատարելու դեպքերի առթիվ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) քննչական դեպարտամենտի կողմից հարուցված քրեական գործը, և ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցառումներ դեպքերի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով՝ «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ տնօրենի պաշտոնակատարը, պայմանագրով չնախատեսված հողատարածքում խոտհունձ կազմակերպելը թույլատրելու համար, շրջակա գյուղերի բնակիչներից պահանջել և ստացել է կաշառք: Փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև ՊՈԱԿ տնօրենի պաշտոնակատարի կողմից իր վստահությանը հանձնված գույքի՝ հողատարածքների վարձակալության գումարներն առերևույթ յուրացնելու վերաբերյալ, ասված է հաղորդագրությունում:

Դեպքի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը») 1-ին մասով, 179 հոդվածի («Յուրացնելը կամ վատնելը») 2-րդ մասի 1-ին կետով, 311-րդ հոդվածի («Կաշառք ստանալը») 2-րդ մասով (8 դրվագ), 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 311-րդ հոդված 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 311-րդ հոդված 3-րդ մասի 3-րդ կետով, որով նախաքննությունը կատարվում է Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում:

ՊՈԱԿ տնօրենի պաշտոնակատարը ձերբակալվել է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, կաշառք ստանալու, յուրացում կատարելու կասկածանքով և հարցաքննվել:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

 

 

 

 

 

azatutyun.am

Ձեզ կեհաքրքրի...