Երևանի բազմաբնակարան շենքերում 134 վերելակ փոխարինվել է նորով. 70-ն արդեն շահագործվում է
Երևանի ոչ նորակառույց բազմաբնակարան շենքերում առկա 4 500 մարդատար վերելակից 134-ն արդեն փոխարինվել է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը:
«Անկախությունից ի վեր վերելակների փոխարինում գրեթե չէր իրականացվել։ Փոխարինվել էր շուրջ 20 վերելակ։ Այս պահին արդեն տեղադրվել է 134 վերելակ, որոնցից 70-ն արդեն հանձնված է շահագործման»,- հայտնել է Կուբատյանը և հավելել, որ աշխատանքները շարունակվում են։
Նրա խոսքով՝ ընթացիկ տարում Երևանի քաղաքապետարանը 500 վերելակ է փոխարինելու։
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն էլ «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց, որ Երևանում կա շուրջ 3 500 փոխարինման ենթակա վերելակ:
«Մասնագետները գնահատում են վերելակների պիտանիության աստիճանը, և փոխարինման համար ընտրվում են վատթարագույն վիճակում գտնվողները»,- նշեց Կարապետյանը:
Լիլիթ Դեմուրյան