Նավալնին թունավորվել է «Նովիչոկ»-ով. Գերմանիայի կառավարությունը հաղորդագրություն է տարածել

navalni

Գերմանիայի զինված ուժերի լաբորատորիան պարզել է, որ Ալեքսեյ Նավալնին թունավորվել է «Նովիչոկ» խմբին պատկանող քիմիական նյութից ։ Այս մասին ասված է Գերմանիայի կառավարության հրապարակած հաղորդագրության մեջ, տեղեկացնում է ԲԲՍ-ին։

Հայտարարության մեջ նշվում է, որ Բունդեսվերի մասնագետները Նավալնիի արյան թեստը հետազոտել են Բեռլինի «Շարիթե» հիվանդանոցի բժիշկների թույլտվությամբ։ Օգոստոսի 22-ից ի վեր հենց այդ բժշկական կենտրոնում է բուժում ստանում ռուսաստանցի ընդդիմադիր առաջնորդը:

Գերմանական կառավարության մամուլի քարտուղարի գրավոր հայտարարության համաձայն` ուսումնասիրության արդյունքները փաստում են Նավալնիի արյան մեջ «Նովիչոկի» ակնհայտ հետքերը։ «Նովիչոկը», հիշեցնենք, այն նույն նյարդա-պարալիտիկ նյութն է, որով 2018 թվականի մարտին Մեծ Բրիտանիայում թունավորվել էին Ռուսաստանի ռազմական հետախուզության նախկին սպա Սերգեյ Սկրիպալը և նրա դուստր Յուլիան։

Չորեքշաբթի օրը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և մի շարք նախարարներ հատուկ նիստ են գումարել, որի ընթացքում քննարկել են գերմանական կողմի հետագա քայլերը: Պաշտոնական Բեռլինը շեշտում է՝ Ռուսաստանի տարածքում ռուսաստանցի ընդդիմադիր գործչի վրա ռազմական թունավոր նյութով հարձակումը նախադեպը չունեցող իրադարձություն է, ինչի կապակցությամբ ռուսաստանյան իշխանությունները պետք է պարզաբանումներ ներկայացնեն:

Նավալնիի արյան հետազոտության արդյունքների մասին Գերմանիան պլանավորում է տեղեկացնել Եվրամիության ու ՆԱՏՕ-ի գործընկերներին և համաձայնեցնել հետագա միասնական արձագանքը։ Բեռլինը նաև մտադիր է կապ հաստատել Հաագայում տեղակայված Քիմիական զենքի արգելման միջազգային կազմակերպության հետ:

 

Հիշեցնենք, որ 44-ամյա Ալեքսեյ Նավալնիի առողջական վիճակը կտրուկ վատթարացել էր օգոստոսի 20-ի առավոտյան՝ Տոմսկ-Մոսկվա չվերթն իրականացնող օդանավում։ Նրան անգիտակից վիճակում տեղափոխվել էին Օմսկի հիվանդանոցներից մեկը, օրեր տևած պայքարից հետո ընդդիմադիր գործչի կինն ու թիմակիցներն ի վերջո կարողացան նրան տեղափոխել Գերմանիա։

Ձեզ կեհաքրքրի...