Ջրի սղության պատճառով Բեյրութում բազմաթիվ ընտանիքներ հուսահատ վիճակում են. ՅՈՒՆԻՍԵՖ
Լիբանանում դեռևս լուծված չէ պայթյունի հետևանքով առաջացած ջրի խնդիրը: Ծանր իրավիճակում են հատկապես այն 300 000 մարդիկ, այդ թվում՝ մոտ 100 000 երեխա, որոնց տները պայթյունի հետևանքով վնասվել կամ ավերվել են: Նրանք զրկված են մաքուր ջրից և սանիտարահիգիենիկ ծառայություններից՝ ահազանգում է ՅՈՒՆԻՍԵՖ-ը: Վիճակը վատթարացել է հատկապես Բեյրութի մերձակա շրջաններում, որտեղ վնասվել են պայթյունին մոտ գտնվող բազմաթիվ շենքերի ջրամբարներն և ջրահեռացման համակարգերը։ Տուժած գոտիներում ջրամատակարարման ցանցից ամբողջությամբ անջատվել է շուրջ 130 շենք, վնասվել են ավելի քան 500 բնակելի շենքերի ջրամատակարարման համակարգերը։
«Քանի որ կորոնավիրուսով վարակման դեպքերը շարունակում են աճել, ավելի քան երբևէ, կարևոր է պայթյունից տուժած, կյանքերը տակնուվրա եղած ընտանիքներին և երեխաներին ապահովել մաքուր ջրով և սանիտարահիգիենիկ պայմաններով»,- նշել է Լիբանանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Յուկի Մոկուոն: «Երբ համայնքներին հասանելի չեն այս կենսական ծառայությունները, ջրի սղությամբ պայմանավորված հիվանդությունների, այդ թվում՝ կորոնավիրուսի տարածման հավանականությունը կարող է ձայնի արագությամբ աճել», – ավելացրել է նա:
Այն տներում, որտեղ ջրատարը չի հասնում, մտահոգիչ է ոչ միայն խմելու ջրի, այլև ջրահեռացման խնդիրը: Դժվարություններ են առաջանում նաև շշալցված կամ ցիստեռներով ջուր գնելու հարցում, քանի որ բարձր ջերմաստիճանին զուգահեռ հնարավոր է ջրի արժեքի բարձրացում:
Պայթյունից անմիջապես հետո ՅՈՒՆԻՍԵՖ-ը՝ գործընկերների և ջրամատակարարման ծառայությունների հետ գնահատել է ենթակառուցվածքին հասցված վնասը: Beirut Mount Lebanon BML Water Establishment ջրմուղ ընկերությունը ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ վերականգնել է ավելի քան 100 շենքերի ջրամատակարարման համակարգերը, տեղադրվել են անհրաժեշտ 3300 ջրի բաքերից 570-ը:
Բացի այդ, ՅՈՒՆԻՍԵՖ-ը ջրով է ապահովել առաջինը օգնության հասած ջոկատներին և տուժած ընտանիքներին, տրամադրել է ավելի քան 4340 հիգիենայի հավաքածու և 620 մանկական հանդերձանք: ՅՈՒՆԻՍԵՖ-ի օգնությամբ ցիստեռներով ջուր է մատակարարվել 20 տնային տնտեսությունների և Լիբանանի Կարմիր խաչի երեք կենտրոնների: Սա հատկապես կարևոր է, քանի որ օճառով հաճախ լվացվելը կորոնավիրուսի կանխարգելման անհրաժեշտ պայմաններից է:
«Մեր առաջնահերթ խնդիրներից մեկը տուժած երեխաներին ու ընտանիքներին, ինչպես նաև առաջնագծում աշխատողներին մաքուր ջրով ապահովելն էր,- նշել է Յուկի Մոկուոն: – Համագործակցելով համապատասխան մարմինների և մեր գործընկերների հետ` մենք կարողացել ենք աջակցել ավելի քան 6650 երեխաների և նրանց ընտանիքների։ Բայց ավելին անելու կարիք կա, իսկ ժամանակը չի սպասում»:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը նաև աշխատում է տեղի հազարավոր երիտասարդների անհրաժեշտ հմտություններով զինելու ուղղությամբ, որպեսզի նրանք ևս երկրի վերակառուցման գործում իրենց դերն ունենան, այդ թվում՝ ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի պահմանման և նորոգման գործում։