Նրանք ստում են. Արայիկ Հարությունյան

Arayik

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ըմբռնումով է վերաբերվում իր հրաժարականը պահաջողների պահանջներին ու գործողություններին: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց նախարարը։

Հարցին, թե տեսնո՞ւմ է թերություններ, որ կարող է իր հրաժարականը պահանջելու պատճառ լիներ, նա պատասխանեց. «Երբ 2018 թվականին քննարկում էր գնում այն մասին, թե ինչ բարեփոխումներ են տեղի ունենալու մեր ոլորտում, ես առիթ եմ ունեցել ասելու, որ ոլորտում շատ ցավոտ եւ ծանր բարեփոխումներ են լինելու, որովհետեւ ակնհայտ էր բոլորիս համար, որ կրթական, այդ թվում մշակույթի եւ սպորտի ոլորտում այն համակարգերը, որոնք գործում են, մեծ դժգոհությունների տեղիք են տալիս, եւ այդտեղ պետք է բարեփոխումներ տեղի ունենան: Ասել եմ, որ այդ բարեփոխումները վերաբերելու են շատ մեծ թվով շահառուների խմբի, եւ բնականաբար, լինելու են դժգոհություններ:

Այն խումբը, որ հիմա դժգոհում է, դժգոհում է շատ կոնկրետ պատճառներով, դրանց մասին իրենց կհարցնեք: Իրենք բովանդակությունից, ըստ էության, մասնավորապես, հանրակրթական չափորոշիչի եւ ծրագրային չափորոշիչներից գաղափար չունեն կամ ակնհայտ կեղծում են: Եթե ակնհայտ պնդում են, որ Նախնական զինվորական պատրաստություն առարկան դուրս է գալիս, նրանք ստում են, երբ ասում են, որ սեպտեմբերից սեռական դաստիարակություն առարկա է մտնում ծրագրերի մեջ, նրանք ստում են, երբ ասում են, որ բոլոր չափորոշիչներում սեռական դաստիարակության բաղադրիչ է մտած, նրանք ստում են: Երբ ասում են՝ հայկական լեռնաշխարհի փոխարեն գրված է Անատոլիա, նրանք ստում են:

Այն մարդիկ, որոնք ներգրավված են այս փողոցային պայքարին, շատ կոնկրետ նրանց շահերին շատ մեծ վնաս է հասցվել, որովհետեւ նրանց գործունեությունը ոլորտում եղել է արատավոր, եւ բնականաբար, պետք է այս աղմուկը բարձրացնեն: Երբ ասում են, որ Խորենացին, Նարեկացին, Սայաթ-Նովան հանում են ծրագրից, ստում են»:

Ձեզ կեհաքրքրի...