Ընկերությունը շարունակելու է պայքարել իր օրինական իրավունքները վերականգնելու համար. «Լիդիան Արմենիա»
«Լիդիան Արմենիա» ընկերությունը հայտարարություն է տարածել, որում խիստ մտահոգություն է հայտնում Ամուլսարում ստեղծված իրավիճակի առնչությամբ:
Ստորև ներկայացնենք հայտարարությունը.
«Երեկ «Լիդիանը» իր տարածքից հեռացրել է արդեն երկու տարի ապօրինի տեղադրված վագոն-տնակները: «Լիդիանի» տարածք ապօրինի ներխուժած խմբավորումը օգոստոսի 4-ին ողջ օրը սադրիչ հայտարարություններով հրահրում էր համայնքի բնակիչներին` սպառնալով «արյունահեղությամբ» ու կոչ անելով միանալ ապօրինությանը:
Երեկ ևս համայնքի ավելի քան 5 հազար բնակիչ ուղիղ եթերում հետևում էր, թե ինչպես է մի քանի տասնյակ սադրիչ, այդ թվում՝ տարբեր պատեհապաշտներ` Երևանից, համայնքի անունից բանակցում այս ապօրինության հանդեպ հետևողական հանդուրժողականություն դրսևորող ոստիկանության հետ:
«Լիդիան Արմենիան» պաշտոնապես հայտարարում է, որ ընկերությունը շարունակելու է լինել Հայաստանի այն բացառիկ ընկերություններից, որ որևէ պարագայում չի շեղվելու օրենքի տառից, որքան էլ դա դժվար լինի: Ընկերությունը չի բանակցելու օրենքի շրջանակներից դուրս որևէ առարկայի շուրջ: Ընկերությունը շարունակելու է պայքարել իր օրինական իրավունքները վերականգնելու համար, ի հեճուկս բոլոր այն ուժերի, որոնք փորձում են ապօրինի գործողություններով տապալել երկրի խոշորագույն և օրինակելի ներդրումը:
«Լիդիան Արմենիան» հայտարարում է, որ չի դառնալու քաղաքական խաղաքարտ որևէ ուժի համար:
Ողջ աշխարհը արդեն երկու տարի հետևում է այս աննախադեպ ապօրինությանը, որը խարան է թողել Հայաստանի հեղինակության վրա:
«Լիդիան Արմենիան» կառավարությանը և ոստիկանությանը կոչ է անում վերականգնել օրենքը և կանգնել օրենքի երկամյա ոտնահարումից տուժած հազարավոր քաղաքացիների իրավունքների կողքին»: