Հյուպատոսական պատերազմ, պատվաստանյութի գողության մեղադրանք, սանկցիաներ. աճում է թշնամանքն ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ
ԱՄՆ իշխանությունները կարգադրել են 72 ժամվա մեջ փակել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հյուպատոսությունը Հյուսթոնում՝ Տեխաս նահանգում: Դրան նախորդել է ԱՄՆ-ի հայտարարությունն առ այն, որ չինացի հաքերները փորձել են գողանալ COVID-19-ի պատվաստանյութի մշակման տվյալները. այս մասին հաղորդում է BBC-ն:
Մեղադրական եզրակացությունը, որը հրապարակել է ԱՄՆ արդարադատության նախարարությունը, վերաբերում է Չինաստանի երկու քաղաքացու, որ «կոտրել են կորոնավիրուսի հաղթահարման միջոցներ որոնող լաբորատորիաների համակարգչային սերվերները», նաեւ Չինաստանի կառավարության աջակցությամբ փորձել են կատարել այլ գողություններ:
Պեկինը Վաշինգտոնին մեղադրել է քաղաքական սադրանքի մեջ: Չինաստանի արտգործնախարարությունը հյուպատոսությունը փակելու պահանջը իր ներկայացուցիչ Վան Վինյբինյի միջոցով կոչել է չարդարացված եւ վրդովեցնող, բայց ԱՄՆ Պետդեպարտամենտը պնդել է, որ այդ որոշումը կայացվել է «Ամերիկայի մտավոր սեփականությունը պաշտպանելու համար»:
Ինչպես հաղորդում է New York Times-ը, սոցիալական ցանցերում հայտնվել է տեսանյութ, ուր երեւում է՝ ինչպես են որոշ մարդիկ Հյուսթոնի հյուպատոսարանի բակում թղթեր վառում:
Պետդեպարտամենտի հայտարարությունից մի քանի ժամ անց Չինաստանի կառավարությունը սպառնացել է ձեռնարկել «հայելային»՝ փոխադարձ միջոցառումներ եւ փակել Ուհանում ԱՄՆ հյուպատոսությունը:
Անընդհատ վատթարացում
Կորոնավիրուսի համավարակը, ինչպես նախագահ Թրամփն էր ասում՝ «չինական վիրուսի» տարածման ահագնացումը, համընկնել էր Վաշինգտոնի եւ Պեկինի միջեւ հարաբերությունների զգալի վատթարացման հետ եւ ինչ-որ առումով էլ դարձել դրա պատճառներից մեկը: Դոնալդ Թրամփը, քննադատների դիտարկմամբ, փորձում է իր երկրում համավարակի՝ մեծ չափով տարածման (Միացյալ Նահանգները COVID-19-ի հաստատված դեպքերի քանակով առաջատար է. վաղուց անցել է Չինաստանից) պատասխանատվությունը գցել այն երկրի վրա, որտեղից սկսել է տարածվել վարակը: Սակայն միայն այդ խնդիրը չէ:
Այս ամիսների ընթացքում ՉԺՀ-ի կոմունիստական կառավարությունը մեծացրել է ճնշումը Հոնկոնգի վրա՝ ըստ էության հրաժարվելով «մեկ երկիր՝ երկու համակարգ» սկզբունքից: Այն նաեւ ընդլայնել է Սինցզյանում մահմեդականների համար նախատեսված հարկադիր ճամբարների համակարգը: Այս ամենը ստիպել է Վաշինգտոնին խոսել մարդու իրավունքների նոր խախտումների մասին:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն արդեն մի քանի շաբաթ է, ինչ Պեկինի դեմ դիվանագիտական հարձակողական դիրքորոշում է որդեգրել եւ բացահայտ հայտարարում է, որ ցանկանում է հավաքվել արեւմտյան երկրների հակաչինական կոալիցիա:
Լոնդոն կատարած այցի ընթացքում Պոմպեոն Բորիս Ջոնսոնին հորդորել է թույլ չտալ չինական Huawei ընկերությանը Բրիտանիայում 5G ցանցեր տեղադրել: Նա Չինաստանին ագրեսոր է կոչել եւ այդ երկրին մեղադրել չինական արտադրության սմարթֆոնների եւ ծրագրաշարերի՝ բոլոր արեւմտյան օգտագործողների անձնական տվյալների հավաքման մեջ:
Դոնալդ Թրամփը, որ արդեն սկսել է իր նախընտրական քարոզարշավը, «Թվիթեր»-ի իր էջում եւ հրապարակային ելույթներում հաճախ խիստ ու հարձակողական բառույթ է կիրառում ոչ միայն Չինաստանի կառավարության, այլեւ ընդհանուր առմամբ բոլոր չինացիների նկատմամբ: Հանրաճանաչ TikTok սոցիալական ցանցը, որն ունի միլիարդավոր օգտատերեր, սպառնացել է, որ կարգելափակի ԱՄՆ նախագահին. TikTok-ը, հիշեցնենք, չինական ընկերության սեփականությունն է:
Թրամփը պատրաստվում է մոտ ապագայում հաստատել Չինաստանի դեմ նոր պատժամիջոցներ՝ Պեկինի Հոնկոնգյան անվտանգության մասին նոր օրենքի ուժի մեջ մտնելու պատճառով: Համաձայն այդ օրենքի՝ Չինաստանի ուժային գերատեսչությունները, որ ենթակա են Կոմունիստական կուսակցությանը, ստանում են լիազորություն գործել Հոնկոնգի Ինքնավարության տարածքում: ԱՄՆ-ն նախատեսում է զրկել Հոնկոնգին հատուկ կարգավիճակից, ինչի պատճառով Հոնկոնգը կարող է այլեւս չունենալ համաշխարհային ֆինանսական հանգույցի դեր:
«Մենք շատ կցանկանայինք, որ Հոնկոնգում պահպանվեին ազատությունները, բայց եթե չհաջողվի, մենք կստիպենք Չինաստանի Կոմունիստական կուսակցությանը պատասխան տալ դրա համար»,- այս շաբաթ ասել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:
Եթե պատժամիջոցները տարածվեն նաեւ չինական բանկերի վրա, ապա դա կհանգեցնի արժութային պատերազմի՝ ի հավելումն առեւտրայինի, որն արդեն մոտ երկու տարի ընթանում է:
Արտահանման-ներմուծման պատերազմի վերջին փուլը չինական պետական ընկերությունների՝ ամերիկյան ֆերմերներից սոյա եւ խոզի միս գնելուց հրաժարումն էր. ԱՄՆ-Չինաստան համաձայնագրով՝ նախատեսվել էր միլիարդավոր դոլարների լրացուցիչ գնումներ կատարել, որով պիտի վերականգնվեր երկրների միջեւ առեւտրային հաշվեկշռի հավասարակշռությունը: 2018-ին Չինաստանին մեղադրել են Ամերիկային էապես ավելի շատ ապրանքներ վաճառելու եւ քիչ գնելու մեջ. ԱՄՆ նախագահն արգելող սակագներ էր սահմանել չինական ներմուծումների համար: Երկարատեւ բանակցություններում ամերիկացի եւ չինացի պաշտոնյաների ձեռք բերած հաշտության այս համաձայնագիրն այժմ գործնականում չի գործում:
armtimes.com