Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը երկու վարույթ է հարուցել, մեկը վերաբերում է Հայկ Մարությանին

Hayk Marutyani demel varuyt e harucv

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հայտնում է, որ այս տարվա նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 20-ը ընկած ժամանակահատվածում գումարել է երեք նիստ և կայացրել է 7 որոշում, հարուցվել է երկու վարույթ, որոնցից մեկը վերաբերում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին։ Հանձնաժողովը տեղեկացնում է, որ վարույթը հարուցվել է քաղաքապետի կողմից անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման հիմքով։ Օրաթերթերից մեկը հոդված էր հրապարակել «Հայկ Մարությանը շուրջ մեկ տարի օրենք է խախտել» վերնագրով, որտեղ պնդել է, թե Մարությանը իր պաշտոնավարմանը զուգահեռ նաև «Երկուս ու կես» ՍՊԸ-ի տնօրենն է։ Ըստ հաղորդագրության, Հանրային ծառայության մասին օրենքի համաձայն՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձինք չեն կարող զբաղեցնել իրենց կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ և այլն։ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի համաձայն՝ հանձնաժողովը անհամատեղելիության պահանջների, շահերի բախման վերաբերյալ կարող է վարույթ հարուցել լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա։ «Երևանի քաղաքապետ Մարությանի արարքում առկա են անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման հատկանիշներ, հետևաբար հարուցվել է վարույթ», – տեղեկացնում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից։ Ինչպես «Ազատությանը» հայտնեցին հանձնաժողովից, այժմ արդեն ունեն 90 օր ժամանակ գործերն ուսումնասիրելու և որոշումներ կայացնելու համար։ Դեռ դեկտեմբերի սկզբին քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանն անդրադարձել էր «Ժողովուրդ» օրաթերթի վերոնշյալ հրապարակմանը և գրել, որ «Երևանի քաղաքապետի պաշտոնը 2018թ. հոկտեմբերի 13-ին ստանձնած Հայկ Մարությանը «Երկուս ու կես» ՍՊԸ տնօրենի պաշտոնում չի եղել 2018թ. հոկտեմբերի 10-ից ի վեր, ինչի մասին վկայում են ՀՀ ԱՆ ռեգիստրում առկա փաստաթղթերը»։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մյուս վարույթը հարուցվել է փաստաբան Վահագն Մնացականյանի դիմումով և վերաբերում է Հաշվեքննիչ պալատի անդամ Կարեն Կարապետյանի կողմից էթիկայի կանոնների խախտման դեպքին։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, հիշեցնենք, գործունեությունն սկսել է նոյեմբերի 26-ից, երբ նախագահ ընտրեց Հայկուհի Հարությունյանին։

 

 

 

 

 

 

 

azatutyun.am

Ձեզ կեհաքրքրի...