Գնում են դրսից տղա բերելու տրամաբանությամբ՝ լինի Բրյուսելից, թե Մոսկվայից. չի ստացվելու. Ա.Սիմոնյանը՝ ՄԻԵԴ որոշման մասին
Արդեն որերորդ անգամն է, երբ որ գնում են դրսից մեր վրա տղա բերելու տրամաբանությամբ՝ լինի դա Բրյուսելից, թե լինի Մոսկվայից, կարծես թե չի ստացվում, չի էլ ստացվելու:
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսպես արձագանքեց ՄԻԵԴ-ի կողմից երեկ կայացված որոշմանը, ըստ որի մերժվել է ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի եւ ՍԴ նախկին 3 դատավորների պահանջը՝ հայցի ապահովման միջանկյալ միջոց կիրառելու եւ Սահմանադրական փոփոխությունների գործընթացը կասեցնելու մասին:
«Դե բացի մեզանից բոլորը նման ակնկալիք ունեին, մենք նման ակնկալիք չունեինք, որ նման միջոց կկիրառվի, եւ ակնկալիք էլ չունեինք, որ այս որոշման հետ կապված որեւիցե միջազգային կառույց հակառակ դիրքորոշումը կցուցաբերի: Դա պարոն Թովմասյանի եւ նրան մերձ տարբեր լրատվամիջոցների եւ գործիչների ցանկությունն է՝ այդ փոթորիկը մի բաժակ ջրում ստեղծելը, բայց արդեն որերորդ անգամն է, երբ որ գնում են դրսից մեր վրա տղա բերելու տրամաբանությամբ, լինի դա Բրյուսելից, թե Մոսկվայից, կարծես թե չի ստացվում, չի էլ ստացվելու»,- մասնավորապես ասաց Սիմոնյանը:
Լրագրողի ճշտող հարցին՝ Հրայր Թովմասյանն այդ ճանապարհո՞վ է գնում, Սիմոնյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, եթե Հրայր Թովմասյանը հնարավորություն ունենա իմ հարցազրույցի ժամանակ ստեղ լույսը անջատի, որ ես հարցազրույց չտամ, ինքը դա կանի, որովհետեւ ինքը դրա փորձը ունի, ես կոնկրետ բանի հետ կապված եմ ասում, չեմ ուզում ավելի մանրանամ, բայց վստահ եմ, որ ինքը ամեն ինչ կանի, որ կառչած մնա աթոռից»:
Անդրադառնալով ՍԴ դատավորների պաշտոնում սպասվող առաջադրումներին՝ ԱԺ փոխնախագահն ասաց, որ մամուլում զետեղված անունների 99 տոկոսը չի համապատասխանում իրականությանը: Նա առաջարկեց սպասել եւ տեսնել, թե ում կառաջադրեն ՀՀ նախագահը, Կառավարությունը, Դատավորների ընդհանուր ժողովը:
armtimes.com