Հյուսիս-հարավ ճանապարհաշինարարական ծրագրի Աշտարակ-Թալին հատվածի համար նոր մրցույթ կհայտարարվի
Հյուսիս-հարավ ճանապարհաշինարարական ծրագրի Տրանշ 2-ի՝ Աշտարակ-Թալին հատվածի վերակառուցման համար շուտով նոր մրցույթ կհայտարարվի: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն՝ ընդգծելով, որ Հյուսիս-հարավ ճանապարհաշինարարական ծրագիրը ՀՀ կառավարության առաջնահերթ ուղղություններից է:
«Ինչպես գիտեք, Տրանշ 2-ի՝ Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի հետ կապված որոշ իրավական գործընթացներ կան, որում ներգրավված ենք: Նախկին կապալառուի հետ մենք լուծել ենք պայմանագիրը և հիմա արբիտրաժային գործընթաց է իրականացվում: Չնայած դրան, մենք նախապատրաստական փուլում ենք և պատրաստվում ենք նոր մրցութային ծրագիր իրականացնել: Մենք վճռական ենք և ամեն ինչ պետք է անենք այնտեղ շինարարական աշխատանքները վերսկսելու համար»,-ասաց Քրիստինե Ղալեչյանը:
Նախարարի տեղակալը նշեց, որ կորոնավիրուսով պայմանավորված՝ փոքր ձգձգումներ եղան միջազգային ընկերությունների փորձագետների Հայաստան այցելությունների հետ կապված: Այժմ այդ խնդիրը գրեթե լուծված է և կա հնարավորություն նոր խորհրդատուի, միջազգային փորձագետների օգնությամբ պատրաստվել մրցութային գործընթացի: Հաշվի առնելով այն, որ եվրոպական երկրներն ավելի ճկուն մեխանիզմներ են սահմանել և հանել են սահմանափակումները երկրից դուրս տեղաշարժի հետ կապված, ըստ նախարարի տեղակալի, պատրաստվում են դիմել պարետի գրասենյակ՝ թույլտվություն ստանալու փորձագիտական խմբի Հայաստան ժամանելու հետ կապված, իհարկե, պահպանելով անվտանգության կանոնները:
«Շուտով մեկնարկելու է մրցութային փաստաթղթերի մշակումը: Հույս ունեմ, որ շուտով կունենանք մեկնարկող շինարարություն այդ հատվածում: Այդ տարածքը երկու մասի ենք բաժանել, որ գործընթացն ավելի արագ և արդյունավետ իրականացնենք: Ամենաուշը մինչև տարեվերջ երկու հատվածի հետ կապված էլ կունենանք հայտարարած մրցույթ»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է Հյուսիս-հարավ ծրագրի Թալին-Գյումրի հատվածի վերակառուցման աշխատանքներին, ապա Քրիստինե Ղալեչյանը նշեց, որ աշխատանքներն իրականացնող չինական ընկերությունը համավարակով պայմանավորված չկարողացավ գալ, սակայն հիմա աշխատում են կազմակերպության հետ աշխատողներին մոբիլիզանցնելու ուղղությամբ: Այժմ բանակցությունների փուլն է: